Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Այս առիթով խոնարհումի համար դուրս էր բերվել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակաց մասունքարանը:
Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Սրբազան արարողության ընթացքում Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձ կատարեց օրվա խորհրդին եւ նշանակությանը հայ ժողովրդի կյանքում: Գարեգին վարդապետը մասնավորապես նշեց. «Այսօր մեր ողջ Եկեղեցին՝ Հայաստանում, թե Սփյուռքում, ամբողջ հայոց ազգը հիշատակում է Հայոց Ցեղասպանության նահատակ սրբերին, որոնք ընկան հանուն իրենց հավատքի եւ հայրենիքի։ Դեռեւս հինգերորդ դարից մեր Եկեղեցու սուրբ հայրերը մինչեւ այսօրվա Ամենայն Հայոց Հայրապետ իրենց պատգամներում, իրենց խոսքերում յուրաքանչյուրիս կոչ են անում միասնականության, մեկ լինելու, ազգովի համախմբվելու։ Ինչու՞։
Ընդհանրապես, ցեղասպանության մասնագետներն ասում են, որ ցեղասպանությունները սկսվում են ռասայական կամ այլ գետնի վրա բաժանումներից։ Պատմությունն այդպես է ապացուցել։ Այլ կերպ ասելով՝ ցեղասպանությունը սկսվում է բաժանումից։ Հետեւաբար, սիրելինե՛ր, մենք պետք է փորձենք գտնել այն ընդհանուր կետը, թե ինչի՛ շուրջ կամ, ավելի ճիշտ, ո՛ւմ շուրջ պետք է կարողանանք միասնական լինել։ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» պատգամը եւ ավետիսն ամենքիդ փոխանցելով՝ մտածում ենք, որ միանշանակ դա Քրիստոսի անձն է. անձ, որի շուրջ մեր ազգը եւ բոլոր քրիստոնյաները կարող են համախմբված լինել, որպեսզի երբեւէ չլինի ցեղասպանություն մարդկության պատմության մեջ։
․․․Իսկապես, ցանկացած դժբախտության եւ դժվարության մեջ մեր ազգը կարողացել է Քրիստոսին ապավինելով հաղթահարել դրանք։ Այսօրվա մեր կյանքը դրա վառ վկայությունն է։ Օրվա խորհրդի շարականը, որ նվիրված է սուրբ նահատակներին, ասում է․ «Չփոխեցին իրենց հավատքի ադամանդյա վստահությունը անցավոր այս կյանքի փափուկ վայելքների հետ եւ ցորենի հատիկի պես հողի մեջ ընկնելով՝ մեկի դիմաց հարյուրապատիկ պտուղ տվեցին»։
Այո՛, իրապես, նրանք ընտրեցին Քրիստոսին աշխարհային բոլոր վայելքների դիմաց, թեպետեւ ընկան, բայց ուժ տվեցին մեզ այսօր ավելի ամուր լինելու մեր հավատքի եւ հայրենիքի հանդեպ նվիրումի մեջ»:
Վերջում Հայր Գարեգինը հորդորեց ամենքին հայցել սրբադասված նահատակների բարեխոսությունն առ Աստված, որպեսզի Ամենազոր Տերը դժվարին այս կացության մեջ հայտնված հայոց ազգին պարգեւի հոգու եւ մարմնի առողջություն, իր շնորհները հեղի ժողովրդի վրա, ամուր ու անսասան պահի հայրենի սահմանները։
Կեսօրին Մայր Տաճարի շրջափակում` Աղոթքի եւ ուխտի խաչքարի առջեւ, ուր բերվել էր նաեւ սուրբ նահատակների մասունքարանը, նախագահությամբ Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում