«Ես գերմարդ-բժիշկ չեմ, ես ձեզ նման ուսանող էի». Թոմ Քաթինա
2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ բժիշկ Թոմ Քաթինան մայիսի 22-ին հանրային դասախոսություն կարդաց Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում: Դասախոսության ընթացքում բժիշկը պատմեց իր փորձառության մասին Սուդանի պատերազմական Նուբա լեռներում, որտեղ տարիներ շարունակ նա աշխատում է «Գթության մայր» հիվանդանոցում: Թոմ Քաթինան ավելի քան 700,000 բնակչություն ունեցող բնակավայրի հիվանդանոցի միակ վիրաբույժն է:
«Ես գերմարդ-բժիշկ չեմ, ես ձեզ նման ուսանող էի 25-30 տարի առաջ: Եթե դուք հետաքրքրված եք այս գործով, դուք էլ կարող եք անել այն: Յուրաքանչյուր մարդ կարող է այս գործով զբաղվել. ընդամենը կամքի եւ ցանկության հարց է: Այս աշխատանքը շատ հետաքրքիր է եւ ուժ է տալիս: Մի՛ վախեցեք Աֆրիկայում գոյություն ունեցող խնդիրներից ու աշխատանքի բարդություններից, – ուսանողներին դիմեց Թոմ Քաթինան, – ես շատ շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն եք տալիս՝ ներկայացնելու իրավիճակը Նուբայում»:
Երեւանի պետական բժշկական համալսարանը Թոմ Քաթինային արժանացրեց պատվավոր դոկտորի կոչման այն բացառիկ մարդասիրական գործունեության համար, որ նա ծավալում է Սուդանի Նուբա լեռներում:
«Բժշկությունն առհասարակ ամենամարդասիրական մասնագիտությունն է, առաքելություն, որն առաջին հերթին ենթադրում է բարձր պատասխանատվություն և նախաձեռնողականություն: Մեզ համար մեծ պատիվ է, որ ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ, բժշկական համալսարանի պատվավոր դոկտորների շարքը համալրեց Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժ Թոմ Քաթինան, – ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, – «Ավրորա» մրցանակի հավակնորդն իսկապես բացառիկ մարդասիրական գործունեություն է իրականացնում՝ պատասխանատվություն կրելով հազարավոր մարդկանց բժշկական օգնության համար»:
Դասախոսության ավարտին Թոմ Քաթինան պատասխանեց ուսանողների եւ դասախոսների հարցերին:
Թոմ Քաթինայի այցը Հայաստան հնարավոր է դարձել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ջանքերով երեք հայ բժիշկների՝ Սուդանի Նուբա լեռներ մեկնելու շնորհիվ, ովքեր բժիշկ Թոմի բացակայության ընթացքում աշխատում են «Գթության մայր» հիվանդանոցում:
2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներն են Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը, Ջամիլա Աֆղանին, Մուհամադ Դարվիշը, Դենիս Մուկվեգեն եւ Թոմ Քաթինան: Մայիսի 28-ին հավակնորդները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ Երեւանում, որտեղ հայտնի կդառնա 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը: Դափնեկիրը կստանա $100,000 պարգեւ՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև $1,000,000 դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...