Համընդհանուր քաոսը, Գորբաչովի զրահապատ «ԶԻԼ»-ն ու երախտապարտ հայ ժողովուրդը. Ռիժկովի հարցազրույցը «Российская Газета»-ին
Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ «Ռոսիյսկայա գազետա» պարբերականը հարցազրույց է ունեցել Հայաստանի տուժած շրջաններում փրկարարական ու վերականգնողական աշխատանքների համակարգման հանձնաժողովի նախագահ, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի հետ:
Լրագրողը նկատել է, որ երկրաշարժից հետո փլատակների տակից հաջողվել է 16.000 մարդ դուրս բերել, և դա միայն նրա շնորհիվ, որ Ռիժկովն ու օգնության եկած նրա թիմը կարողացել են առաջին իսկ օրը հաղթահարել համընդհանուր քաոսը:
«Չեմ կարող ասել, որ առաջին իսկ օրվանից տիրապետել ենք իրավիճակին, քանի որ դա անհնարին էր. մարդիկ մեծ ցավի մեջ էին, ապակողմնորոշված: Շատերը լացում էին, չէին հասկանում՝ ինչ է կատարվում: Մեզ վրա գոռում էին, անձամբ ինձ ասում՝ «ինչո՞ւ ես եկել, ո՞ւր են վերամբարձ կռունկները»: Բայց մեկ օր անց հաջողվեց կազմակերպել աշխատանքը, համակարգել ջանքերը: Կարողացանք նաև մարդկանց բացատրել, որ լացելու, քարացած նստելու կամ գոռալու փոխարեն պետք է աշխատել, ողջ մնացածներին գտնել ու դուրս բերել»,-ողբերգական օրերի հիշողություններով կիսվել է Ռիժկովը՝ հավելելով, որ 16.000 փրկվածից զատ՝ աղետի գոտուց տարհանվել է ավելի քան 40.000 մարդ:
ՀՀ ազգային հերոսը նաև խոստովանել է, որ այդ օրերին հրաժարվել է իշխանությունների կողմից իրեն տրամադրված հատուկ մեքենայից ու ամեն օր Երևանից աղետի գոտի է գնացել սովորական ավտոբուսով:
«Որոշ ժամանակ անց արդեն բոլորը ճանաչում էին կարմիր «Իկառուս»-ը»,-պատմել է զրուցակիցը:
Անդրադառնալով ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովի արձագանքին՝ Ռիժկովը պատմել է, որ երկրաշարժի ժամանակ նա Նյու Յորքում էր, որտեղից վերադարձել է աղետի մասին տեղեկանալուց հետո:
«Մեկ ժամից ինձ զանգահարեց Գորբաչովի անվտանգության ծառայության պետն ու ասաց, որ արդեն գալիս են: Հետո հետաքրքրվեց՝ կկարողանա՞ օդանավակայանը «ծանր բորտ» ընդունել: Սկզբում մտածեցի՝ էքսկավատոր է բերում, հետո պարզվեց՝ զրահապատ «ԶԻԼ»»,-պատմել է Ռիժկովը, որին ի վերջո հաջողվել է Գորբաչովին համոզել թողնել զրահապատ մեքենան ու իր հետ կարմիր «Իկառուս»-ով տեղաշարժվել:
Լրագրողի նկատառմանն առ այն, որ Ռիժկովին Հայաստանում անվանում են «ամենափրկիչ», զրուցակիցը պատասխանել է, որ «հայերը, ի տարբերություն ռուսների, զարմանալի պատմական հիշողություն ունեն»:
«Այդ ողբերգությունից հետո դեռևս երկու տարի ես վարչապետի էի: Հետո եղել են տարբեր իրավիճակներ, 1990-ականների սկզբին աշխատանք չունեի: Բայց զբաղեցրածս պաշտոնից անկախ՝ հայերը երբեք ինձ չէին մոռանում: Եվ ես դրա համար շնորհակալ եմ հայ ժողովրդին»,- ասել է Ռիժկովը:
Նա նաև վերհիշել է երկրաշարժից հետո շարքային հայերի հետ պատահական հանդիպման մի քանի ուշագրավ դեպք:
«Մի անգամ ուղղաթիռով լեռնային գյուղ էինք թռչում, հետո պարզվեց, որ վտանգավոր տեղանքի պատճառով օդաչուն չի կարող վայրէջք կատարել: Ստիպված 3 կմ հեռավորության վրա՝ դաշտում, վայրէջք կատարեցինք: Ցեխ, անձրև. կեղտոտ ու թրջված դուրս եկանք ճանապարհի վրա ու կանգնեցրինք անցնող «Վոլգա»-ն: Աշխատակիցներս վարորդին խնդրեցին մեքենան մեզ տրամադրել, բայց նա չհամաձայնեց: Սակայն երբ իմացավ, որ Ռիժկովի համար է, ասաց. «Եթե Ռիժկովի համար է, վերցրեք»: Իսկ երբ հասանք գյուղ, խանութում հերթ կանգնածներից մի սևազգեստ կին ինձ ճանաչեց ու մոտեցավ, փաթաթվեց, լաց եղավ ու հայերեն ինչ-որ բան ասաց: Ես, իհարկե, ոչինչ չհասկացա: Ավելի ուշ թարգմանեցին: Այդ խոսքերն ամենահզոր բանն է, որ հայը կարող է ասել, այն էլ՝ բացառիկ դեպքերում»,-ասել է Ռիժկովը՝ հավանաբար նկատի ունենալով «ցավդ տանեմ» արտահայտությունը:
Ռիժկովը հարցազրույցը եզրափակել է հետևյալ խոսքերով. «Այո, նրանք ինձ հիշում են, և ես երբեք չեմ մոռանա հզոր ժողովրդին»:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների քննարկումները շարունակվել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով