Բարձր տեխնոլոգիաները չեն կարող փոխարինել արդյունաբերությանը. Ռոբերտ Քոչարյան
Բարձր տեխնոլոգիաները չեն կարող փոխարինել արդյունաբերությանը։ Այս մասին «Հայոց աշխարհին» տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Զարգացած երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաները կազմում են ՀՆԱ-ի մոտ 4 տոկոսը: Բայց ամբողջ երկիրը չի՛ կարող զբաղվել բարձր տեխնոլոգիաներով: Այո, պետք են բարձր կամ տեղեկատվական տեխնոլոգիաները: Եվ, ի դեպ, բարձր տեխնոլոգիաները, որպես գերակա ուղղություն հայտարարվել են իմ պաշտոնավարման շրջանում: Հիշեցնեմ, որ հռչակավոր Թումո կենտրոնի համաձայնագիրը ստորագրվել է Նյու Յորքում դեռ 2000 թվականի սկզբին: Եվ դեռ այդ ժամանակ են Հայաստան եկել ՏՏ ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններ, նույն «Սինոփսիսը»: Բայց հույս ունենալ, որ միայն դրանով դու ժողովուրդ կկերակրես, լուրջ չէ: Ու մի՞թե մենք հետ ենք գնում դեպի 1989-90 թվականներ, երբ ասում էին՝ «ջերմուկ» ու ծիրան ծախելով մենք ժողովուրդ ենք պահելու: Եվ, եթե մենք դասեր չենք քաղում պատմությունից` բարդ խնդիրների առաջ ենք կանգնելու»,– ասել է Քոչարյանը:
Քոչարյանի խոսքով՝ գործող իշխանությունները պետք է հետևություններ անեն անցյալի սխալներից։
«Ես հիշում եմ 1989-90 թվականները: Այն ժամանակ, ժողովրդին փողոց հանելով, փակեցինք ատոմակայանը, «Նաիրիտը», Վանաձորի քիմիական համալիրը, որի վրա էր կառուցված քաղաքի տնտեսական ողնաշարը, Ալավերդու պղնձաձուլարանը... Ի՞նչ կատարվեց. Խորհրդային Միության փլուզման վերջին տարիներին փակվեցին Հայաստանի ողնաշարային արդյունաբերական ձեռնարկությունները: Այն ժամանակ մենք ի՞նչ ստացանք: Ստացանք տնտեսության խորը անկում, ստացանք էներգետիկ ճգնաժամ, որը չէինք ունենա, եթե ատոմակայանը չփակեինք: Դա արհեստական ստեղծված էներգետիկ ճգնաժամ էր: Եվ ժողովուրդն էր անում: Այդ ժողովրդին ուղղորդողներ կային, բայց ուղղորդողներից որեւէ մեկը նաեւ պատմական պատասխանատվության առաջ չկանգնեց արածի համար: Այնինչ Հայաստանի խորը անկումը, «մութ ու ցուրտ տարիները» պայմանավորված էին հենց այդ քայլերով: Հիմա մի՞թե մենք այդ պատմական, մեր գլխին ջարդված օրինակից հետեւություններ չենք անում»,– ասել է նա։
Քոչարյանի խոսքով՝ պետք է լինի տնտեսական քաղաքականության հստակ ձեւակերպում։
«Կառավարությունը դեռ չի շտապում դա անել, եւ պարզ էլ չէ՝ երբ է անելու: Անհրաժեշտ է պարզ ու հասկանալի՝ հարկային քաղաքականություն, առնվազն մեկ ներդրումային ցիկլի չափով խաղի կանոնների պահպանում: Չափազանց կարեւոր է ներդրումների պաշտպանվածությունը: Տնտեսական քաղաքականության կանխատեսելիությունը: Սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը, որ անկյունաքարային նշանակություն ունի, եւ որի վրա կառուցված է արեւմտյան տնտեսական համակարգը: Կարեւոր է բանկային համակարգի կայունությունը, բանկային գաղտնիքը»,– ասել է նա։
Երկրորդ նախագահը նաև նշել է, որ Հայաստանում բանկային գաղտնիքը խաթարված է, ինչը մեծ խնդիր է։
«Հրապարակում հայտարարում են, թե ով ինչ գումար ունի հաշիվների վրա: Բանկային համակարգի համար դրանից մեծ վնաս դժվար է երեւակայել: Կարծում եմ, դա անում են հեղափոխական պատկերացումներից ելնելով, բայց բավարար չափով չեն պատկերացնում, թե ինչ կարգի վնասների դա կարող է հանգեցնել»,– ասել է նա:
Քոչարյանը նաև կարծիք է հայտնել, որ ճանապարհներ փակելով հարցեր լուծելը տնտեսությունը քայքայելու ճանապարհ է։
«Ճանապարհ փակողը մտածելու է՝ դու քո հարցերը լուծեցիր ճանապարհ փակելով, հիմա, որ հերթը մեզ հասավ՝ ճանապարհ փակելը լավ բա՞ն չի: Որովհետեւ այդ մշակույթն եք ներդրել, որ ճանապարհ փակելով կարելի է հարցեր լուծել: Կարող է, դրանք արդարացի հարցեր ու պահանջներ են: Խնդիրն այն է, որ դա հարցեր լուծելու ճանապարհ չէ: Դա երկրի տնտեսությունը քայքայելու ճանապարհն է»,– ասել է նա:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...