Թեև պաշտոնական մակարդակով այս թեմայի շուրջ որևէ հայտարարություն դեռ չի հնչել, իշխանական կուլիսներում, ըստ տեղեկությունների, ուշադիր հետևում են Կրեմլից եկող ազդակներին։ Հարցը միայն ընտրությունները չեն. հրավերի առկայությունը կամ բացակայությունը կարող է դիտարկվել նաև որպես հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի յուրատեսակ ցուցիչ։

Հիշեցնենք, որ 2021 թվականի Պետդումայի ընտրությունների ընթացքում հայկական պատվիրակությունը մասնակցել էր որպես դիտորդական առաքելություն՝ փաստացի ընդգրկվելով ընտրական գործընթացի միջազգային գնահատման շրջանակում։ Այդ ժամանակ հայ-ռուսական հարաբերությունները, թեև առանց խնդիրների չէին, բայց դեռևս չէին հասել ներկայիս լարվածության աստիճանին։

Այսօր իրավիճակն այլ է։ Երևանի և Մոսկվայի միջև քաղաքական տարաձայնությունները, ՀԱՊԿ-ի շուրջ զարգացումները, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում նկատվող սառնությունը նոր ենթատեքստ են հաղորդում նույնիսկ նման արարողակարգային բնույթի հրավերներին։ Եթե հրավեր լինի, դա կարող է ընկալվել որպես երկխոսության պահպանման ազդակ։ Եթե ոչ, ապա դժվար թե դա պարզապես տեխնիկական որոշում համարվի։

Ուշագրավ է նաև, որ Հայաստանի իշխանությունները, որոնք վերջին տարիներին հաճախ են խոսել ժողովրդավարական արժեքների և ընտրական գործընթացների միջազգային չափանիշների մասին, այս անգամ ևս պատրաստակամ են մասնակցել ռուսական ընտրությունների դիտարկմանը։ Մինչդեռ միջազգային բազմաթիվ կառույցներ տարիներ շարունակ հարցադրումներ են բարձրացրել Ռուսաստանում քաղաքական մրցակցության, ընդդիմության գործունեության սահմանափակումների և ընտրական գործընթացների թափանցիկության վերաբերյալ։

Այսպիսով, մինչև սեպտեմբերի 20-ը Երևանում սպասում են ոչ միայն ընտրությունների օրվան, այլ, նախևառաջ, Մոսկվայից եկող հնարավոր հրավերին։ Իսկ այդ հրավերը, անկախ բովանդակությունից, կարող է դառնալ հայ-ռուսական հարաբերությունների հերթական քաղաքական մեսիջը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում