Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև շարունակական համագործակցությունը խոստանում է բացել Հարավային Կովկասը՝ որպես կենսականորեն կարևոր առևտրային ուղի. ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է տիկին Հուքերի այցը Հայաստան և նշել, որ վերջին ժամանակահատվածում երկու երկրների միջև համագործակցությունը բարձրացել է նոր մակարդակի։ Երկրի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ–ի հետ գործընկերությունը նորովի է ընկալվում ինչպես Կառավարության, այնպես էլ հայ հանրության շրջանում։
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ–ի և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործում։ Վարչապետը կարևորել է Վաշինգտոնում օգոստոսի 8–ին տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների և դրանց իմպլեմենտացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը՝ նախատեսված ժամանակացույցի համապատասխան։ Երկրի ղեկավարն ընդգծել է նաև ԱՄՆ–ի հետ երկկողմ հարաբերություններում ձևավորված հարուստ օրակարգի փաստը, որը ներառում է տարբեր ոլորտներ և ուղղություններ։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել հյուրընկալելու համար՝ նշելով, որ Երևան է այցելել նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի կողմից օգոստոսյան հանդիպումների ժամանակ սահմանված տեսլականն առաջ մղելու համար։ Էլիսոն Հուքերը նշել է, որ Երևան է այցելել քննարկելու առևտրի, ներդրումների, ենթակառուցվածքների, տարածաշրջանային կապի և անվտանգության ոլորտներում համագործակցությունը խորացնելու հարցերը։ Միաժամանակ, նա ընդգծել է պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերի գլխավորությամբ երկկողմ աշխատանքային խմբերի գործունեության մեկնարկի փաստը, որի նպատակն է՝ պատմական գագաթնաժողովին ընդունած երկկողմ համաձայնագրերը կյանքի կոչելը և միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղին զարգացնելը։
Պետքարտուղարի տեղակալը շեշտել է, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև շարունակական համագործակցությունը, զուգորդված Հայաստանի և Ադրբեջանի միջև լիարժեք խաղաղության համաձայնագրի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հետ, խոստանում է բացել Հարավային Կովկասը՝ որպես կենսականորեն կարևոր առևտրային ուղի։ Նրա համոզմամբ՝ սա կստեղծի նշանակալի օգուտներ և՛ ամերիկացի, և՛ հայ ժողովուրդների համար, ինչը հնարավոր է դարձել նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի առաջնորդության շնորհիվ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են վարչապետ Փաշինյանի և նախագահ Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, աշխատանքային խմբերի գործունեությանը, TRIPP նախագծի իրականացմանը և առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...