ԱՄՆ-ում լյարդի ալկոհոլային ցիռոզից մահացությունը եռակի ավելացել է 1999-ից ի վեր. հետազոտություն
Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են American Journal of Medicine ամսագրում, ցույց է տվել, որ 1999-ից ի վեր լյարդի ալկոհոլային ցիռոզից մահացությունը ԱՄՆ-ում եռակի ավելացել է։
1999թ. ալկոհոլային ցիռոզից (լյարդի հիվանդության ծանր տեսակ՝ կապված ալկոհոլի օգտագործման հետ) մահացել է ավելի քան 6 000 ամերիկացի (100 000-ի հաշվարկով 3 մարդ)։ 2019թ. այդ հիվանդությունից մահերի թիվն ավելացել է՝ հասնելով մոտ 24 000-ի (100 000-ի հաշվով 11 մարդ)։
«Հիպոթեզն այն է, որ մարդիկ ավելի շատ եւ ավելի վաղ են սկսում խմել»,- ասել է առաջատար հետազոտող, բժիշկ, Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանի Չառլզ Շմիդտի անվան Բժշկական քոլեջի պրոֆեսոր եւ դեկանի ավագ գիտական խորհրդական Չառլզ Հենեկենսը։
Հետազոտողը նշել է նաեւ այլ գործոններ՝ ճարպակալման դեպքերի թվի կտրուկ ավելացում, ինչպես նաեւ նստակյաց կենսակերպ։
Ճարպակալումը եւ ֆիզիկական վարժությունների անբավարարությունն ընկած են նաեւ դիաբետի համաճարակի, ինչպես նաեւ սրտային հիվանդությունների, կաթվածի ու քաղցկեղի որոշ տեսակների հիմքում։
Գիտնականի խոսքով՝ մարդիկ պետք է սահմանափակեն օգտագործվող ալկոհոլի քանակը՝ օրական երկու բաժակ տղամարդկանց եւ մեկ բաժակ կանանց համար։
Բժիշկները պետք է խորհուրդներ տան իրենց պացիենտներին՝ նշելով, որ շատ ալկոհոլ օգտագործողների համար ցիռոզից, ինչպես նաեւ սրտային հիվանդություններից մահանալու հավանականությունն ամենամեծն է, ավելացրել է նա։
Ալկոհոլային ցիռոզին ԱՄՆ-ում բաժին է ընկնում լյարդի փոխպատվաստումների մեկ երրորդը, նշել են հետազոտության հեղինակները։
Իրենց հետազոտության համար գիտնականներն օգտագործել են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալները՝ 1999-2019թթ. ալկոհոլային ցիռոզից մահացության միտումներն ուսումնասիրելու նպատակով։
Հետազոտողները հայտնաբերել են, որ այդ ընթացքում նկատվել է ալկոհոլային ցիռոզից մահացության զգալի աճ 25 եւ բարձր տարիքի բոլոր խմբերում։ Մահացության յոթակի աճ է գրանցվել 24-35 տարեկան մարդկանց շրջանում, իսկ ամենացածր աճը գրանցվել է 65-74 տարեկանների մոտ։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA