Բացօթյա համերգ աղբի մեջ կամ ինչու է Մարությանը սիրում աղբը
Նիկոլ Փաշինյանի մատուցած եւ հպարտ քաղաքացիների կողմից ընտրված, այն էլ ավելի քան յոթանասուն տոկոս ստացած իմքայլական քաղաքապետ Հայկ Մարությանը մի աննկարագրելի սեր ունի աղբի նկատմամբ:
Նա ամեն ինչ անում է քաղաքը աղբի մեջ թողնելու համար: հետաքրքիրն այն է, որ նա չի էլ թաքցնում, որ երազում է քաղաքապետարանի ենթակայության տակ աշխատող աղբահանությամբ զբաղվող կազմակերպություն հիմնելու մասին:
Այս երազանքն իրականացնելու համար ամեն ինչ արվում է «Սանիթեքի» հետ պայմանագիրը խզելու համար: Փոխանակ օգնեն, աջակցեն այս կազմակերպությանը խնդիրները լուծելու համար, պարբերաբար տուգանում են, նրանց գործը դժվարացնելու եւ վիճակն ավելի վատթարացնելու համար:
Այս ամենի հետեւանքը կեղտի եւ արդեն առնետների մեջ կորած Երեւանն է: Ամենավատն այն է, որ արդեն սովորական են դարձել աղբով լեցուն շենքերն ու բակերը, կենտրոնական փողոցներն ու հրապարակները:
Եւ այս կեղտի մեջ բացօթյա համերգ են կազմակերպում եւ իրենք իրենցով հիանում: Անգամ ֆեյսբուքյան գրառումներ անում, թե համերգն այնքան լավն էր, որ կարող ենք էլի հանդուրժել աղբով լեցուն փողոցները: Տարօրինակ մտածողություն, որով այսօր երկիր են ղեկավարում:
Երեւանի տեր դառնում են առնետները, Երեւանի համար սովորական տեսարան է այս ու այնտեղ կուտակված աղբը, իսկ որպես լուծում պատկերացնում են մեկ այլ կազմակերպության ստեղծում, որը հաստատ տապալելու է գործը, քանի որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ քաղաքային իշխանություններին ենթակա կազմակերպությունները, որպես կանոն, ոչ թե վատ, այլ շատ վատ են աշխատում:
Աննա Բաղդասարյան
Top-News.am