Ինչ են տալու Հանրային հեռուստաալիքին Նարա Շլեպչյանն ու Մերուժան Տեր-Գուլանյանը
Հետընտրական թոհուբոհի մեջ,կարծես, հանրության կողմից անուշադրության մատնվեց այն տեղեկությունը, որ Նարա Շլեպչյանն ու Մերուժան Տեր-Գուլանյանը նշանակվել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ:
Թվում է, թե որեւէ արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: Նշանակվել են՝ նշանակվել: Իրականում, այո, հանրային անտարբերությունն այնքան է աճել, որ արդեն ՀՀ քաղաքացիների ճնշող մասին չի էլ հետաքրքրում, թե իր իսկ միջոցներով պահվող հեռուստաընկերությունն ովքեր եւ ինչպես են ղեկավարում:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ապրիլի 7-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել դիմում ներկայացրած 5 թեկնածուներից հաղթողներ ճանաչել՝ Նարա Սուրենի Շլեպչյանին և Մերուժան Սարգսի Տեր-Գուլանյանին:
Իսկ բացի հաղթողներից դիմում էին ներկայացրել նաեւ Նելլի Չերչինյանը, Իրինա Բարսեղյանը եւ Լիաննա Այվազյանը:
Ինչպես ասում են, հանրությանը ոչինչ չասող անուններ: Այդպես է, քանի որ արդեն իսկ բոլորը կամ բոլորը համոզված են, որ միեւնույնն է, հաղթողը որոշվում է ոչ թե մրցույթով, այլ նախապես կայացված որոշումով:
Իհարկե, շատ վատ է, որ նախապես կայացված որոշումով են ընտրվում անդամմները, բայց եթե նույնիսկ այդպես է, ապա ինչու պետք է 82-ամյա Շլեպչյանը եւ «Ար» հեռուստաալիքը տապալման հասցրած Տեր-Գուլանյանը հայտնվեն այդ հանձնաժողովում: Նրանք ի՞նչ միտք ու ոգի պետք է հաղորդեն, փոխանցեն Հանրային հեռուստաալիքին:
Գուցե վերականգնեն «Գյուղական հորիզոններ» հաղորդումը կամ «Մարդիկ, կենցաղ, բարքերը»: Մերուժան Տեր-Գուլանյանն էլ կնախաձեռնի «Ինչպես քծնել ղեկավարությանը» եւ «Ինչպես արագ տապալել հեռուստաալիքը» հեռուստաշոուները:
Լավ, իսկապես չէր կարելի խորհրդի անդամ նշանակել, ընտրել ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող,ժամանակակից հեռուստատեսությունն ուսումնասիրած, թարմ միտք ունեցող մարդկանց: Հնարավոր էր չէ՞: Հնարավոր էր,բայց...
Տխուր ժամանակներ են: Կարծես թե բանականությունը մեզնից նեղացել, թեւեր առնելով հեռացել է այլ երկրներ:
Հակոբ Ասատրյան