Ադրբեջանը բռնվել է իսրայելական փողերի լվացման մեջ
Իսրայելական Israel Aerospace Industries օդատիեզերական և ավիացիոն տեխնիկա արտադրող խոշորագույն ընկերությունն առնվազն 155 մլն դոլար է փոխանցել երկու ընկերությունների, որոնց անունը շրջանառվում է Ադրբեջանի կառավարության համար իրականացված խոշորամասշտաբ փողերի լվացման գործընթացում:
Ինչպես փոխանցում է իսրայելական Haaretz պարբերականը, այս մասին հետևում է բանկի՝ 2012-2014 թվականների արտահոսած զեկույցներից: Աղբյուրի տվյալներով՝ վճարումների նպատակն անհասկանալի է:
Այս փոխանցումների պատմությունը բացահայտվել է, երբ հազարավոր բանկային փաստաթղթեր են հայտնվել «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի» տիրապետության տակ:
Հետաքննությունը բացահայտել է, որ դրամական փոխանցումներն սկսվել են, երբ Israel Aerospace Industries-ը զենքի մասին 1,6 մլրդ դոլարի պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի հետ: Այնուամենայնիվ, գործարքի մանրամասներին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ իր տեղեկություններով գումարը չի ներառել որևէ վճարում միջնորդերին:
Իսրայելական ընկերությունից նման բացատրություն են տվել. «Israel Aerospace Industries-ը պետական ընկերություն է, որն աշխատում է օրենքի դրույթներին համապատասխան: Որպես պաշտպանական ընկերություն՝ այն տեղեկություն չի հրապարակում իր բիզնես գործունեության վերաբերյալ, եթե օրենքով դա չի պահանջվում»: