Խուճապի պատճառները
Անհեթեթ եւ փնթի կազմված քրեական գործի շրջանակներում այսօր ԱԱԾ էր հրավիրվել ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Ինչո՞ւ հիմա եւ ինչո՞ւ Վանեցյանը. Որտե՞ղ են խուճապի արմատները։
1. Սրընթաց ընկնում է Փաշինյանի վարկանիշը։ Տնտեսական անկումը, սոցիալական ահռելի լարվածություն, համավարակը, սահմանային լարվածությունը եւ այլ գործոններ բերում են կառավարության հանդեպ անվստահության մակարդակի շեշտակի բարձրացմանը։
2. Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործը փլուզվում է: Իր բովանդակությամբ սնանկ այդ գործը չտվեց ակնկալվող արդյունք։ Փաշինյանը չստացավ այն օգուտը, ինչԻ համար նախաձեռնել էր այդ որոշակի ռիսկեր պարունակող արշավը։ Եվ հիմա սեփական թիմում առաջացել է խորը անվստահություն լիդերի եւ նրա որոշումների հանդեպ։
3. Արթուր Վանեցյանը հաջողությամբ իրականացնում է «Հայրենիք» կուսակցության կայացման կազմակերպչական աշխատանքները: Ցանկացած իշխանության նյարդայնացնում է ընդդիմադիր համակարգի ձեւավորումը։ Կուսակցության գրասենյակների բացումը Երեւանում եւ մարզերում անհանգստացնում է գործող իշխանություններին, որոնք դրա մեջ մեծ վտանգ են տեսնում: Սալոնային քաղաքական ուժերը իշխանություններին քիչ են մտահոգում, բայց կազմակերպչական պոտենցիալով կուսակցությունը ռեալ վտանգ է՝ խաղաղ իշխանափոխության։
4. Վարչախումբն անհանգստանում է նաեւ այն փաստից, որ Վանեցյանի շուրջ որոշակի կոնսոլիդացիոն գործընթացներ են ընթանում: Հանրության որոշ շրջանակներ, քաղաքական ուժեր այստեղ տեսնում են համախմբման հնարավոր բեւեռներից մեկը։ Այս ամենը անհանգստացնում է գործող իշխանություններին, որոնք սա եւս սպառնալիք են համարում իրենց իշխանությանը: Քանի որ իշխանության մեջ ուժեղանում են կենտրոնախույս տրամադրությունները, ցանկացած կոնսոլիդացիոն միտում իշխանությունը համարելու է իր համար պոտենցիալ ռիսկ։
Նշված չորս կետերի համադրումը ստիպեց իշխանությանը նման հապճեպ եւ անհեռանկար թեմայով իրավական ճնշումները սկսել Վանեցյանի դեմ։
Գեղամ Նազարյան
Top-News.am