Ինչի մասին լռեց Ռոբերտ Քոչարյանը
Երեք հեռուստաալիքներին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսեց պետության եւ ազգի ամենակարեւոր հարցերի եւ խնդիրների մասին, բայց շատերի համար անսպասելի այդպես էլ որեւէ անձնական հարց չշոշափեց, թեեւ մոտ երկու տարի ենթարկվել է ամենաստոր եւ նենգ հարձակումների ու բռնաճնշումների: Նա այս մասին լռեց անգամ, երբ հարց հնչեց տասը տարուց ավելի իրեն թիրախավորելու, ամեն ինչի մեղավորը սարքելու փորձերի մասին:
Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ ապացուցեց, որ պետական մտածողություն ունեցող եւ բարձր կարգի պետական ու քաղաքական գործիչ է: Նա այդպես էլ չտրվեց գայթակղությանը եւ չպատմեց, թե ինչպես է ապրել գտնվելով կալանքի տակ:
Նա ոչ մի խոսք չասաց իր դեմ հարուցված անհեթեթ քրեական գործի, ընթացող դատավարության մասին, անձնականը ստորադասելով պետության համար ավելի կարեւոր հարցերին: Այսպես վարվում են բարձր կարգի պետական գործիչները:
Ոչ մի բառ դատավոր Դանիբեկյանի, քրեական գործ հարուցողների, քննչական կոմիտեի, դատախազների մասին, թեեւ կարող էր հանգիստ խոսել նաեւ այդ մասին, բայց նա այսօր շատ ավելի կարեւորում է մեր երկրի դեմ նետված մարտահրավերները, այն հարցերն ու խնդիրները, որոնց բախվել է գրեթե ամբողջ ազգը եւ պետությունը:
Ռոբերտ Քոչարյանը լռեց ոչ միայն դատավորների, քննիչների, քաղաքական իշխանության կողմից իրականացվող հետապնդումների, դատախազների, այլ նաեւ այն լրատվամիջոցների մասին, որոնք օրը 24 ժամ զբաղված են իրեն վարկաբեկելու փորձեր անելով եւ ստահոդ տեղեկություններ տարածելով:
Այսպես են լինում պետական բարձր մակարդակի, պետության արժեքը հասկացող, պետական մտածողություն ունեցող գործիչները, որոնց պակասը, ցավոք, Հայաստանում, մեղմ ասած, խիստ է զգացվում:
Վարդան Մխիթարյան
Top-News.am