ՀՔԾ-ում քրգործերը հարուցվում և կարճվում են ըստ Փաշինյանի տրամադրության և քաղաքական նպատակահարմարության
Հատուկ քննչական ծառայությունը «ավելի քան հինգ ամիս առաջ» ձևակերպումը, ինչպես և ես կանխատեսել էի երեկ կայացած ասուլիսի ընթացքում, որակեց տեխնիկական վրիպակ:
Այս որակումը էլ ավելի ամրապնդեց իմ և տասնյակ հազարավոր մեր քաղաքացիների այն համոզմունքը, որ մեզանից թաքցրել և աղավաղել են մեր կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվությունը, ինչը հանգեցրել է ավելի քան 600 մարդու մահվան:
ՀՔԾ քննիչ Դավիթ Կոնստանդյանն ու Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը Մհեր Դավիդյանցը ճիշտ էին, իսկ սխալը, սուտն ու կեղծիքը կբացահայտի քրեական գործի նախաքննությունը:
Արդեն կարելի է հաստատված համարել այն հանգամանքը, որ ՀՔԾ-ում քրեական գործերը հարուցվում և կարճվում են ըստ Նիկոլ Փաշինյանի տրամադրության և քաղաքական նպատակահարմարության:
Հ.Գ. Փաստորեն, «վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ ՀՀ առողջապահության նախարարի կամ ոլորտի այլ պատասխանատու պաշտոնատար անձի կողմից արված հայտարարությունները չեն հակասել Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշմանը»:
Լո՞ւրջ,վստահ ե՞ք․․․»։
Հիշեցնենք, որ Արթուր Ղազինյանը հունիսի 12-ին ներկայացրել էր հանցագործության մասին հաղորդում, որը վերաբերում էր կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստին: Հաղորդման մեջ ներկայացված էին փաստարկներ առ այն, որ հասարակությունից թաքցվել և աղավաղվել են մարդկանց կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվությունը՝ նման տեղեկատվություն տրամադրելու պարտավորություն ունեցող սուբյեկտների կողմից։
Երեկ կայացած մամուլի ասուլիսում Ղազինյանը նշեց, որ Մհեր Դավիդյանցը և ՀՔԾ-ն ուղղակիորեն հաստատել են, որ թաքցվել է կորոնավիրուսի առաջին վարակակրի փաստը։
Ավելի ուշ ՀՔԾ-ն պարզաբանում տարածեց առ այն, որ նյութերի նախապատրաստման ընթացքում քննիչի կողմից կատարվել են անհրաժեշտ ստուգողական գործողություններ քննության արդյունքներով վերջնական օբյեկտիվ որոշում կայացնելու համար: Արդյունքում՝ պարզվել է, որ հանցագործության մասին հաղորդում տված անձ Արթուր Ղազինյանը մի շարք սուբյեկտիվ դատողություններ ներկայացրել է իբրև պաշտոնատար անձանց կողմից կատարված ենթադրյալ հանցագործություններ:
Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ ՀՀ առողջապահության նախարարի կամ ոլորտի այլ պատասխանատու պաշտոնատար անձի կողմից արված հայտարարությունները չեն հակասել Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշմանը: