Չինաստանի «պատվաստանյութերի կայսրն» ամուսնալուծվել է՝ նախկին կնոջը մեկ օրում դարձնելով միլիարդատիրուհի
Չինական Shenzhen Kangtai Biological Products Co. կենսատեխնիկական ընկերության սեփականատեր, միլիարդատեր Դու Վեյմինն ամուսնալուծվել է, ինչի արդյունքում նրա արդեն նախկին կինը՝ Յուան Լիպինը, մեկ օրում դարձել է աշխարհի ամենահարուստ կանանցից մեկը:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, Չինաստանի «պատվաստանյութերի կայսեր» (այսպես են անվանում 56-ամյա Վեյմինին) և Լիպինի ամուսնալուծությունը համարվում է աշխարհում «ամենաթանկարժեքներից» մեկը: Դրա արդյունքում 49-ամյա կինը նախկին ամուսնուց ստացել է 3,25 մլրդ դոլարի արժեթուղթ:
Հայտնի է, որ Դու Վեյմինի կարողությունը գնահատվում է 6,63 մլրդ դոլար: Ամուսնալուծության արդյունքում նա ստիպված է եղել կարողության գրեթե կեսը տալ Լիպինին: Ընդհանուր առմամբ, միլիարդատերը նախկին կնոջը Shenzhen Kangtai Biological Products Co. ընկերության 161,3 մլն արժեթուղթ է փոխանցել:
Նշենք, որ առայժմ աշխարհում գրանցված «ամենաթանկարժեք» ամուսնալուծությունը Ջեֆ և Մըքքենզի Բեզոսներին է, ինչի արդյունքում միլիարդատիրոջ նախկին կինը ստացել է 35 մլրդ դոլար: