«Գորշ գայլերի» առաջնորդը հանդիպել է Թուրքիայում քրեական հեղինակություններից մեկի հետ
Թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին հանդիպել է Թուրքիայում ամենահայտնի քրեական հեղինակություններից մեկի՝ Ալաաթդին Չաքըջիի հետ, որը վերջերս է ազատ արձակվել, բանտում անցկացնելով 16 տարի:
Ընդ որում հանդիպումը կայացել է ԱՇԿ-ի Անկարայի կենտորանական գրասենյակում: Բահչելին անգամ Twitter-ի միկրոբլոգում է լուսանկար հրապարակել հանդիպումից:
Ուշագրավ է, որ Չաքըջին ազատ է արձակվել համաներման օրինագծի շնորհիվ, որը նախագծվել և մշակվել էր Թուրքիայի իշխող կուսակցության և MHP-ի կողմից: Այդ օրինագծի նպատակն էր կորոնավիրուսի պայմաններում թեթևացնել թուրքական բանտերը:
Հետաքրքրական է, որ նրա ազատ արձակումը մեծ դժգոհություն է առաջացրել թուրք մտավորականության և իրավապաշտպանների շրջանակներում, քանի որ նույն օրինագծով բազմաթիվ լրագրողներ ու քաղաքական գործիչներ դեռևս անազատության մեջ են:
Տեղեկացնենք, որ Չաքըջին դատապարտվել էր, սպանության, գողության, փողերի լվացման և բազմաթիվ այլ մեղադրանքների հիման վրա: