Կարգին Հայկոյի կարգին տրանսպորտը
Միկրոավտոբուսի կամ ինչպես դեռ իներցիայով ասում ենք՝ երթուղային տաքսու դուռն ընթացքի ժամանակ պոկվում եւ ընկնում է: Եւ այստեղ ինչպես չհիշենք Հայկ Մարությանի խոստումները նաեւ տրանսպորտը կարգավորելու վերաբերյալ:
Նա ոչինչ չի արել՝ ոչինչ: Ավելին, հիմա տեղին է հիշել խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանի լրագրողների մոտ Հայկ Մարությանին արած հեռախասազանգի մասին, որից հանրությունը տեղեկացավ, որ առաջիկայում, առաջիկա մի քանի տարում այս ոլորտում ոչինչ չի փոխվելու:
Այս դեպքում հարց է առաջանում, թե որ ոչինչ չէիք փոխելու, ինչո՞ւ էիք նման մեծ-մեծ եւ մեծաթիվ խոստումներ տալիս: Խոստումները դնենք մի կողմ. անկախ նրանից դրանք եղել են, թե ՝ ոչ, քաղաքային իշխանությունները պարտավոր են լուծել տրանսպորտային անվտանգության խնդիրը:
Հնարավոր է Հայկ Մարությանը նստած սպասում է, որ մի քանի գործարար իրեն գումար տան, որով նա մի քանի հնամաշ, իր դարն ապրած ավտոբուս կբերի Երեւան եւ գիծ կմտցնեն, բայց սա արդեն հերթական անլուրջ պատմությունը կլինի:
850 հազար դոլարով Նոր տարի նշող քաղաքային իշխանությունները նույն այդ գումարով էապես կբարելավեին տրանսպորտի վիճակը, բայց ամբողջ խնդիրն այն է, որ նման ցանկություն չկա: իսկ ինչու լինի, երբ հպարտ եւ դուխով, ինչպես նաեւ արժշանապատիվ քաղաքացիները կռացած, միմյանց հրմշտելով, միմյանց գրկին կամ մեջին նստած օրը առնվազն երկու անգամ օգտվում են քաղաքային տրանսպորտից:
Իսկ եթե քաղաքացին համաձայն է այսպես երթեւեկել, ապա կարելի է Բրեգովիչ հրավիրել եւ բյուջեից ծախսել 850 հազար դոլար: Հիմա հաշվեք, թե 850 հազար դոլարով քանի նորմալ ավտոբուս եւ անգամ տրոլեյբուս կարելի էր ներկրել Երեւան:
Աննա Բաղդասարյան
Top-News.am