Ընդդիմությունն սկսել է կողպեքներ կախել «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավորների օֆիսներին
Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամները եւ քաղաքացիական ակտիվիստնները ի նշան ընտրական բարեփոխման տապալման դեմ բողոքի՝ կողպեք են կախել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալաքվաձեի Օզուրգեթի քաղաքի (Գուրիայի շրջան) գրասենյակի վրա, տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։
2016 թվականի խորհրդարանական ընտրություններում կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացրել էր Թալաքվաձեի թեկնածությունը միամանդատ Օզուրգեթիում։ Իններորդ գումարման խորհրդարան նա անցել է մեծամասնական ընտրակարգով։
Այսօրվա բողոքի ակցիայի ընթացքում Թալաքվաձեի մեծամասական գրասենյակի մոտ մեծ թվով ոստիկաններ կան։ Կողպեքը կախելուն փորձել են խանգարել նաեւ «Վրացական երազանքի» ակտիվիստները։ Իրավիճակը մի քանի անգամ սրվել է։
«Եվրոպական Վրաստանի» Օզուրգեթիի բաժանմունքի նախագահ Միխայիլ Գոգոթիշվիլուն հրել են քաղաքապետարանի աստիճաններից, որտեղ գտնվում է գրասենյակը։
«Նրանք հրում էին ինձ, քշում, բայց վերջում Թալաքվաձեի գրասենյակը կնքվեց։ Քաղաքապետարանի շենքի վրա, որտեղ գտնվում է Թալաքվաձեի մեծամասնական գրասենյակը, մենք սթիքերներ սոսնձեցինք։ Մենք դիմակայություն ունեցանք «Վրացական երազանքի» ակտիվիստների հետ։ Նրանք սկսեցին վիրավորել մեզ, բայց մենք ասացինք, որ խաղաղ քաղաքացիներ ենք ու բողոքում ենք (բարեփոխումը) տապալելու դեմ։ Մենք ասացինք, որ չնկարեն (կողպեքը), որովհետեւ մենք նորից կվերադառնանք։ Ամենուրեք մենք նրանց հիշեցնում ենք, որ խոստումները պետք է կատարվեն, եւ ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական համակարգով»,- ասել է Գոգոթիշվիլին լրագրողներին։
«Եվրոպական Վրաստանն» այսօր նախատեսում է «կնքել» իշխող կուսակցության բոլոր մեծամասնական պատգամավորների գրասենյակները: Քաղաքացիական ակտիվիստները եւ ընդդիմադիրները պատրաստվում են կողպեքներ կախել Թբիլիսիում Միխայիլ Կավելաշվիլիի եւ Մամուկա Մդինարաձեի, ինչպես նաեւ Գորիում Իոսիֆ Մակրախիձեի բյուրոների վրա: «Վրացական երազանքի» մյուս մեծամասնականների գրասենյակները քաղաքացիական ակտիվիստների հետ միասին կպիկետավորի «Միացյալ ազգային շարժումը»:
Վրաստանում բողոքի ալիքը չի դադարում նոյեմբերի 14-ից՝ այն պահից, երբ խորհրդարանը ձախողեց ընտրական համակարգի բարեփոխման մասին օրինագիծը, որը խոստացել էր անցկացնել իշխող ուսկցությունը: Նախաձեռնությանը չեն աջակցել «Վրացական երազանքի» հիմնականում մեծամասնական պատգամավորները: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը եւ մեծամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում: Նախատեսվում է նոյեմբերի 25-ին Թբիլիսիի կենտրոնում Ռուսթավելու փողոցում ընդդիմության խոշոր ակցիա անցկացնել: