Տարօրինակ մարդ է Արմեն Դարբինյանը
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր միկրոբլոգում քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Շատ ներողություն, պարոն Վարչապետ. Հայաստանում հա՛մ մրցունակ ԲՈՒՀ կա, հա՛մ էլ առավել քան մրցունակ գիտություն: Մի՛ նսեմացրեք ունեցածը, դրանով դուք չեք նպաստում գալիքին»:
Եւ սա այն Արմեն Դարբինյանն է, որն օրեր առաջ հետեւեց Նիկոլ Փաշինյանի օրինակին եւ իր պաշտպանության տակ վերցրեց Դալուզյանին, ավելին, հայտարարեց, որ ծափահարում է Նիկոլ Փաշինյանին, որին բախտ է ունեցել բարեւել մի քանի անգամ:
Տարօրինակ մարդ է Արմեն Դարբինյանը, որը լինելով Սլավոնական համալսարանի ղեկավարը, իր ուսանողների հետ միասին հեղափոխության առաջին շարքերում էր, եւ առաջիններից մեկը ողջունեց Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում եւ առաջիններից մեկը շնորհավորեց նրան:
Իսկ որն է ամենատարօրինակը: Այս իրադարձությունից ընդամենը շաբաթներ առաջ նա հասցրել էր շնորհավորել, այն էլ բավական հուզիչ տեքստով Սերժ Սարգսյանին՝ վարչապետ ընտրվելու կապակցությամբ, իսկ դրանից օրեր առաջ՝ ողջունել նրա հրաժարականը վարչապետի պաշտոնից:
Իսկապես, տարօրինակ մարդ է Արմեն Դարբինյանը, սակայն մեզ այլ հարց է հետաքրքրում, քան նրա տարօրինակությունը՝ որքա՞ն է Հայաստանում դեռ շարունակվելու այս գավառամտությունը, այս գավառամտային, այլ կերպ ասած, գեղցիական պահվածքը եւ դրսեւորումները:
Աննա Բաղդասարյան
Top-News.am