Արտակարգ դեպք Երևանում. մի քանի ավտոտնակներում հրդեհ է բռնկվել, վնասվել են ավտոմեքենաներ
Նոյեմբերի 11-ին, ուշ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում՝ Էրեբունիում։ Ժամը 19։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Աթոյան անցուղի 14 շենքի բակում գտնվող ավտոտնակներում հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ; Հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ համատեղ նշված ավտոտնակներից դուրս են բերել 2 ավտոմեքենա, որոնք կրակի հետևանքով լուրջ վնասվել են, և մարել են 3 ավտոտնակներում առաջացած հրդեհը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վնասվել են Mazda մակնիշի 66 OD 909 համարանիշի և Subaru մակնիշի 35 ՍA 123 համարանիշի ավտոմեքենաները։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր ժամանակավորապես հոսանքազրկել են նշված ավտոտնակները, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան անվտանգ կատարել հրդեհաշիջման աշխատանքներ։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է ավտոտնակների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը, ինչպես նաև՝ ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com