Ծեծի են ենթարկել գրոսմայստերին և նրա եղբորը
«Հրապարակ» օրաթերթի խմբագրություն է դիմել քաղաքացի Վարսիկ Հակոբյանը։ Նրա խոսքով՝ երկու օր առաջ՝ սեպտեմբեր 18-ին, որդիներին իրենց բնակարանում ծեծի են ենթարկել։
«Որդուս՝ Հայկազ Կորյունի Քոթանջյանին հենց տան մեջ ծեծի են ենթարկել։ Ներքին Պտղնիում ենք բնակվում այս պահին, առաջին փողոցի 34 տանը։ Մեր տան կողքը մի քանդած, ավերակ շինություն կա, 90-ականներից այն կա։ Մի ահավոր հոտ է գալիս, նույնիսկ կողքով չի լինում անցնել։ Մի անգամ, երբ շան հաչոցներ են լսվել, տղաս մտել է ու փորձել կտրել շների հաչոցը, ուրիշ ոչ մի բան։ Ես չգիտեմ՝ ում է այդ շինությունը պատկանում, բայց այսօր կադաստրում հարցում արեցի, երեքշաբթի օրը պետք է պատասխանը ստանամ։ Արսեն անունով մի մարդ է եղել, մի ամբողջ շքախմբով, թանկարժեք մեքենաներով, դուբինկաներով եկել են տուն՝ տղայիս աշխատասենյակ և ծեծել։ Սկզբում դուրսն են ծեծել, հետո եղբայրը մի կերպ գցել է ներս, բայց, ինչպես ասեցի, արդեն տան մեջ էլ են ծեծել։ Ես ասում եմ, եթե եղբայրը չլիներ, Պողոս Պողոսյանի օրն էր հայտնվելու, ազնվությամբ եմ ասում։ Եղբորն էլ հետն են ծեծել։ Ոստիկանություն ենք դիմել, բայց չգիտեմ՝ ինչ են արել։ Ամբողջ պատերը արյուն են։ Իմ որդուն միշտ կանչել են արտասահման աշխատելու, բայց չի գնացել, այստեղ է ուզում մնալ։ Հիմա էս մեկն էլ գնա, հետո ի՞նչ են անելու։ Ինքը 2014 թվականի Հայաստանի չեմպիոն, հայ շախմատիստ Տիգրան Քոթանջյանի եղբայրն է»,- պատմում է Վարսիկ Հակոբյանը։
Մեզ հետ զրույցում Հայկազ Մկրտչյանը չցանկացավ մանրամասներ ներկայացնել դեպքից․ «Ես էլ դեռ չեմ հասկացել՝ ինչ է եղել լրիվ։ Հիմա գործը որոշակի գործընթացների մեջ է, բայց ես հիմա չեմ ցանկանում խոսել։ Ուզում եմ հասկանալ մի հատ՝ ինչ է կատարվում, նոր դիմեմ։ Այո, իրոք եղել է լուրջ խնդիր»։
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց․ «Այս պահին հետաքննություն է ընթանում։ Սեպտեմբերի 18-ին, ժամը 15։50-ին հաղորդում է ստացվել,որ Պտղնի գյուղի 34 տան մոտ մի քաղաքացու տղաներին ծեծել են։ Մեկնած խմբին վերջինիս որդին հաղորդում է տվել, որ անհիմն ծագած վիճաբանության ժամանակ իրեն ծեծի են եթարկել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ծեծի ենթարկած անձանց ինքնությունները պարզվել են, ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Նշանակված է նաև դատաբժշկական փորձաքննություն»։