Որևէ մեկը շանտաժով չի կարող խոսել կառավարության հետ. վարչապետը՝ Իջևանում ստեղծված իրավիճակի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին մինչ օրակարգին անցնելը անդրադարձավ Իջևանում տեղի ունեցած երեկվա դեպքերին, որ ծառահատումների թույլտվության պահանջով քաղաքացիների ու ոստիկանների միջև բախում էր տեղի ունեցել:
Դիմելով բնապահպանության նախարարին վարչապետը հարցրեց, թե ի վերջո, որն է ակցիայի մասնակիցների պահանջների օրինականությունը, արդարությունը և ընդհանրապես ինչ է տեղի ունենում այդ ոլորտում:
«Վճռականորեն պետք է կասեցնենք այդ գործընթացը, բայց ստացվում է, որ էկրանների առաջ հայտարարություն ենք անում, ինչ-որ մարդիկ քմծիծաղ են տալիս և մի քանի օր դադարից հետո գործողությունները շարունակում են»,-ասաց նա:
Էրիկ Գրիգորյանը նշեց, որ մի շարք փոփոխություններ են մշակվել և մինչ այժմ օրենսդրական սողանքներ կային, որոնք փոփոխությունները փակում են: Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ ակցիայի ժամանակ մասնակիցները նշել են, որ նրանց բարձրացրած հարցերը վերաբերում էր հիմնականում փաստաթուղթ ունենալուն, որ վառելափայտը կարողանան տեղափոխել, մինչդեռ ոստիկանության պահակակետերը խոչընդոտ են հանդիսանում այդ գործում:
Վարչապետը դրական տարր նկատեց, երեկվա կատարվածը ցույց է տալիս, որ ապօրինի ծառահատում իրականացնողները չեն կարողանում փող տալ ու անցնել: Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ տասնյակ քրեական գործեր կան հարուցված այս պահին տարբեր անտառտնտեսություններում: «Վերջերս կադրային փոփոխություններ են եղել, այս ամենը փոխում է իրավիճակը: Սա ընդհանուր Հայաստանի կենսական նշանակության հարց է և ոչ միայն անտառի, քանի որ անտառի այս լայնածավալ հատումները, որ երկար տարիների ընթացքում եղել են և պատժի մեխանիզմները բավարար չեն եղել, դրանք բերում են այլ խնդիրների՝ ջրերի, ոռոգման հետ կապված հարցերի»,-ասաց նա:
Ըստ նախարարի՝ հնարավորինս ուժեղ պատիժ պետք է նախատեսվի, քանի որ այստեղ խոսքը չի գնում գյուղացինեի կարիքների համար անտառները կտրելուն, ինչպես տարիներ շարունակ ներկայացվում է:
Վարչապետը համաձայնեց, որ երբեմն այնպիսի տպավորություն կարող է լինել, որ բոլորը զբաղված են փայտ կտրելով և վաճառելով. իրականում այդպես չէ՝ մարդկանց որոշակի շրջանակ է դրանով զբաղվում, երկար տարիներ կոռուպցիոն մեխանիզմներով ստեղծվել է ցանց, և այսօր գործ ունենք հենց այդ ցանցի հետո:
«Ես չեմ բացառում, որ այս գործողությունները թիկունքից, ետնաբեմերից կառավարվում են պոտենցիալ այն մարդկանց կողմից, որոնք անպայման կրելու են պատասխանատվություն: Ես ուզում եմ հստակ լինել՝ ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու և խնդիրը դնում եմ իրավապահ համակարգերի առաջ, այստեղ իրավապահ համակարգի գործունակության խնդիրն է դրված: Ապօրինի գործողության հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու, որևէ մեկը շանտաժով չի կարող խոսել կառավարության հետ, և սա կյանքի կոչելը իրավական համակարգի խնդիրն է»,-ասաց նա:
Վարչապետը նաև նկատեց, որ մարդիկ պետք է հասկանան, որ անտառը չկտրելով՝ նրանք ավելի կարող են հարստանալ, քան կտրելուց և նկատեց՝ այն մարդիկ, ովքեր 30 տարի շարունակ արել են այդ սև գործը՝ կտրելով ծառերը, շարունակում են մնալ աղքատ. «Ոնց եղել են՝ խեղճ ու կարկ, այնպես էլ մնացել են»: