Գնաճը կրկնակի անգամ գերազանցում է եկամուտների աճին
Նվազագույն աշխատավարձի բարձրացումից մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ, քանի որ գնաճը կրկնակի անգամ գերազանցում է եկամուտների աճին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց տնտեսագետ, «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը։ Վերջինս պարզաբանեց՝ նվազագույն աշխատավարձի աճն ազդելու է այն մարդկանց եկամուտների վրա, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ. «Այսինքն 13 հազ դրամով եկամուտի աճը, այն էլ ոչ բոլորի մոտ, չի կարող ապահովել տնտեսական աշխուժություն՝ հաշվի առնելով գնաճի պատկերը, որն ունենք այսօր», - մանրամասնեց փորձագետը։
Բազմիցս խոսվել է այն մասին, որ աշխատավարձի բարձրացումը պետք է համահունչ լինի գնաճին, սակայն ըստ տնտեսագետի՝ սա միանշանակ այդ դեպքը չէ։ Նա խոսեց աշխատավարձի բարձրացման երկու հավանական սցենարների մասին։ Առաջինի դեպքում աշխատավարձը կդառնա 63 հազ դրամ՝ բարձրնալով 4 տոկոսով, իսկ երկրորդի դեպքում՝ 68 հազ դրամ՝ բարձրանալով մոտ 7 տոկոսով. «Եկեք դիտարկենք լավագույն սցենարը՝ 7 տոկոսով բարձրացումը։ Մենք ունենք առաջնահերթ ապրանքների գնաճ, որոնք երբեմն գերազանցում են նույնիսկ 35 տոկոսը։ Այսինքն մեծ սպասումներ պետք չէ ունենալ», - նշեց նա։
Տնտեսագետը հակադրվեց նաև նախագծի հեղինակների այն պդնմանը, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը տնտեսական մեծ աշխուժություն կապահովի։ Լիլիա Ամիրխանյանի համար դա բավական կասկածելի է, քանի որ հստակ չէ, թե մասնավոր հատվածում իրականում ներկայացված քանակից դա որ մասի վրա կարող է ազդել։ Նրա խոսքով մասնավոր հատվածի աշխատողների վրա առանձնապես տարբերություն չի լինելու։ Այստեղ տնտեսագետն ընդգծեց բիզնես վարողների մոտ ձևավորված այն մշակույթը, երբ նվազագույն աշխատավարձի չափ գրանցված աշխատողներ ունենալով՝ կանխիկով այլ գումար են վճարում.
«Եթե նախկինում աշխատողը գրանցված է եղել 55 հազ դրամի չափով, սակայն ստանում է օրինակ 120 հազ դրամ, ապա այս փոփոխության պարագայում ոչ մի տարբերություն չի լինելու,թե որքանով է գրանցված՝ 68 հազ-ով, թե 55 հազ-ով», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց Լիլիա Ամիրխանյանը։
Ինչ վերաբերում է հարցին՝ որքան միջոցներ են պետությանն անհրաժեշտ աշխատավարձերը բարձրացնելու համար, տնտեսագետը նկատեց՝ հստակ թվի համար ստույգ հաշվարկներ են անհրաժեշտ, սակայն միանշանակ կարող է արձանագրել՝ պետբյուջեի վրա լրացուցիչ բեռ ենք ունենալու. «Եթե առաջնորդվենք պաշտոնական տվյալներով՝ նվազագույն աշխատավարձի արդյունքում պետք է բարձրանա 80 հազ մարդու աշխատավարձ, որից 45 հազ-ը մասնավոր հատվածի, իսկ 35 հազ-ը պետական հատվածի։ Պետական աշխատողների 35 հազ-ի վրա դա կազդի, ինչը նշանակում է, որ պետբյուջեից այդչափ լրացուցիչ գումարներ են պետք հատկացնել», - ավելացրեց տնտեսագետը։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում