Երբ պատգամավորը քծնում է վարչապետին, իսկ վերջինս չի սաստում
Կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն դադարում զարմացնել, ապշեցնել: Հերթը հասավ ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանին, որը մինչ օրս հանրության մի հատվածին հայտնի էր միայն նրանով, որ հունվարի 21-ին կոտրել էին նրա Mini cooper ավտոմեքենայի ապակին:
«Եթե անգամ կառավարության ծրագրում գրված լիներ մեկ նախադասություն՝ «Ամեն ինչ շատ լավ է լինելու», ես վստահելու էի ձեզ եւ կողմ էի քվեարկելու»,- Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, լայն բացված աչքերով նայելով ամբիոնի մոտ կանգնած վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նրանք, ովքեր դեռ հավատում են, որ Հայաստանում հեղափոխություն է եղել, եւ որ նոր Հայաստան է կերտվում, սպասում էին, որ Փաշինյանը միանգամից կսաստեր նրան եւ կառավարող խմբակցության անդամներին կոչ կաներ թարգել քծնանքի տարատեսակ դրսեւորումները:
Ոչ, Փաշինյանը չընդատեց նրան, չակնարկեց անգամ, որ քծնանքն իր համար անընդունելի է, այլ պատասխանեց քծնանք բարձունքները նվաճող պատգամավորուհու հարցին: Եւ այստեղ հարց է առաջանում՝ իսկ այդ դեպքում ինչո՞ւ էիք քննադատում ՀՀԿ-ական այս կամ այն պատգամավորին, նրանց մեղադրելով Սերժ Սարգսյանին հաճոյանալու մեջ:
Սա Ազգային ժողով չէ, սա Թուրքմենստանի մեջլիսն է: Քծնանքի նման դրսեւորումից հետո այլեւս ոչ հնչող հարցն է լուրջ ընկալվում, ոչ էլ պատասխանը: Նման քծնանքից հետո շատերն իրավունք ունեն եզրակացնելու, որ հարցը նախապես գրել տվել են պատգամավորուհուն, իսկ վերջինս այն շատ լավ արտասանեց: Ինչպես Թուրքմենստանում կթվորուհին կամ բանվորը մեծ առաջնորդի կամքով կարող են պատգամավոր դառնալ, այնպես էլ նոր Հայաստանում քաղաքականության հետ որեւէ կապ չունեցող, արծաթյա զարդերի խանութ ունեցող կինը կարող է դառնալ խորհրդարանական:
Մի՞թե նոր Հայաստան ասելիս նկատի ունեիք, որ երկիրը վերածելու եք Թուրքմենստանի, որ Ազգային ժողովը վերածելու եք թուքմենական մեջլիսի՝ քծնանքի տարատեսակ դրսեւորումներով:
Վարդան Մխիթարյան
Top-News.am