Նիկոլ Փաշինյանը կանգնեց պարգեւավճարասեր մարզպետների կողքին
Երբ հայտնի դարձավ, որ մարզպետներն իրենց եւ իրենց թիմակիցներին պարգեւատրել են բավական մեծ գումարով, երբ հայտնի դարձավ, որ այդ նույնն արվել է Երեւանում եւ ՊԵԿ-ում, արդեն անհամեմատ ավելի մեծ գումարներով, շատերը 1930-ականների ոգով սկսեցին հայտարարել, թե Նիկոլն այդ ամենից տեղյակ չի եղել, իսկ հենց իմանա դրանց հարցերը կլուծի:
Ավելին, անգամ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում գրում էին, թե բա արի, հասի, թե չէ մարզպետները բյուջեն թալանում են:
Նիկոլ Փաշինյանը արձագանքեց պարգեւատրումների մասին լուրերին եւ ընթացող քննարկումներին: Նրա ասածը ոչնչով չտարբերվեց նրանից, ինչ ասել էին Մակունցը, Լենան Նազարյան, Ավինյանը եւ մյուսները:
«Մենք խոսում ենք մարզպետների մասին. իսկ մենք հաշվե՞լ ենք, թե ամեն օր ամեն մարզպետարան քանի քաղաքացի է մտնում տարբեր պրոբլեմներով՝ սոցիալական, առողջապահական եւ այլն:
Իհարկե, մարզպետները նաեւ որոշակի պետական ֆոնդ ունեն քաղաքացիներին օգնելու, բայց եթե նրանք բոլոր քաղաքացիներին ընդառաջեն, երկու օրում այդ ֆոնդերը կարող են ամբողջությամբ սպառել: Ես գիտեմ, որ շատ դեպքերում մարզպետները ստիպված են իրենց գրպանից վճարել, քանի որ հնարավոր չէ ամեն անգամ մարդկանց մերժել:
Եթե այդ պարգեւավճարները բաժանում ենք, ամսական գալիս է 50 հազար դրամի աշխատավարձի հավելում: Դա մե՞ծ պրոբլեմ է: Եթե որոշել ենք, որ պետական համակարգի աշխատողներին աշխատավարձ չենք տալիս, եկեք չտանք»,- ասել Փաշինյանը:
Հիմա սպասենք, թե Փաշինյանը, երբ է օրերի թվի վրա բաժանելու ՊԵԿ-ի պարգեւավճարները կամ ինչպես է արդարացնելու Կարգին Հայկոյին, որը համառորեն չի ցանկանում ասել, թե ում որքան պարգեւավճար է հատկացրել:
Իսկ այս պատմության ամենակարեւոր կետերից մեկն այն է, որ արդեն շատերը հասկացան՝ Նիկոլ Փաշինյանը չէր կարող տեղյակ չլինել այս պարգեւատրումներից եւ մեզ համար նոր Ստալին չեն կերտի, ասելով, թե բա Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ են անում նախարարներն ու մարզպետները:
Վարդան Մխիթարյան
Top-News.am