Գյումրին ներառվել է մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկների համար լավագույն 5 ուղղությունների ցանկում
Ռուսական «Արգումենտի ի ֆակտի» («Аргументы и Факты») պարբերականը կազմել է այն քաղաքների ցանկը, որտեղ զբոսաշրջիկները կարող են մեկնել մայիսյան տոներին՝ անցկացնելով ոչ ծախսատար, սակայն հետաքրքիր հանգիստ:
Ընդհանուր առմամբ, ցանկում ներառվել է 5 ուղղություն՝ այդ թվում նաև հայկական Գյումրի քաղաքը:
«Գյումրիի՝ այցելության համար պարտադիր վայրերից կառանձնացնեմ հայկական համեղ ուտելիքներով քաղաքային շուկան, քաղաքապետարանի շենքի առջև գտնվող ու երեկոյան գեղեցիկ լույսերով զարդարվող Ազատության հրապարակը, «Ռոսիա» թաղամասի Ռիժկովի անվան պուրակում գտնվող վերնիսաժը, խաչքարերի ծառուղին, ինչպես նաև Թատերական հրապարակը՝ հայտնի գյումրեցի, սիրված դերասան Ֆրունզե (Մհեր) Մկրտչյանին նվիրված յուրահատուկ արձանով»,-նշում է լրագրողը:
Նա նաև խորհուրդ է տալիս Հայաստանում երկար մնալու դեպքում անպայման այցելել Սևանա լիճ ու համտեսել այնտեղի սիգը:
Գյումրիից բացի, հետաքրքիր և մատչելի հանգստի ուղղությունների ցանկում են ներառվել նաև Մինսկը, Քիշնևը, Քյոլնն ու Վիլնյուսը: