Ներկայացվել է զարթուցիչ, որն արթնացնում է սուրճի բույրով
Դիզայներներ Մարկո Ֆիլիպիչը և Մատի Պապալինին յուրօրինակ, Sunrise անունը կրող սրճեփ-զարթուցիչ են ներկայացրել։ Նորարարական գաջեթն ավանդական զարթուցիչների այլընտրանք է, որի հիմնական խնդիրն է օգտվողին արթնացնել թարմ եփած սուրճի բույրով` բարձր ձայնի փոխարեն: Այս մասին հաղորդումը հայտնվել է Yanko Design (YD) կայքում։
Սարքի ստեղծողները պնդում են, որ Sunrise-ի շնորհիվ մարդն ազատվում է ամեն օր քնելուց առաջ սեղանիկին զարթուցիչ դնելու և հետո գրգռիչ ձայնից արթնանլու անհրաժեշտությունից։ Փոխարենը, սարքը, որը գտնվում է մահճակալի կողասեղանին, սկսում է սուրճ պատրաստել օգտատիրոջ սահմանած ժամին՝ մեղմ և հաճելի արթնացում ապահովելով։
Sunrise-ն ունի կոմպակտ չափսեր, ինչը թույլ է տալիս այն տեղադրել մահճակալի կողասեղանի, պատուհանագոգի վրա: Այն սովորական սուրճի մեքենայի տեսք ունի, հիմքի մոտ ժամացույցով և ամեն անգամ կարող է պատրաստել միայն մեկ բաժակ սուրճ:
Ներկայումս Sunrise Alarm Clock Coffee Maker նախագծային փուլում է։ Եթե այս սարքի նկատմամբ հետաքրքրությունը մեծ լինի, հնարավոր է, որ նախագիծն իրականություն դառնա, ինչը թույլ կտա օգտատերերին վայելել արթնանալու յուրօրինակ ձևը։