Ինչ յուրահատկություն ունի Իրանի ընտրությունները
Մարտի 1-ին, ինչպես հայտնի է, Իրանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Զուգահեռաբար նաեւ տեղի ունեցան Փորձագետների խորհրդի ընտրություններ։ Նորընտիր խորհրդարանը 12-րդ գումարմանն է, իսկ նորընտիր Փորձագետների խորհուրդը՝ 6-րդ գումարմանը։ Իրանում ընտրելու իրավունք ուներ ավելի քան 61 միլիոն մարդ։ Արդեն հայտնի է, որ ընտրություններում հաղթել են պահպանողականները։ Պահպանողական թեկնածուները հաղթել են բոլոր շրջաններում, այդ թվում՝ նաեւ մայրաքաղաք Թեհրանում։ Այս մասին նախօրեին հայտարարել է Իրանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Իրանական նոր Մեջլիսը կունենա 2 հայ պատգամավոր՝ Արա Շահվերդյան եւ Գեղարդ Մանսուրյան։ Հայերն ընտրում են իրենց պատգամավորներին, իրանական օրենսդրության համաձայն՝ որպես ազգային փոքրամասնություն, իրենց հատկացված քվոտայի շրջանակում։ Իսլամական հանրապետության ընտրական գործընթացներն ուսումնասիրող վերլուծաբանները հատկապես ուշադրություն են դարձնում նրան, որ մասնակցությունն այս անգամ եղել է չափազանց քիչ՝ 41 տոկոս։ 2020 թվականին մասնակցությունը 42,5 տոկոս էր, ուստի մասնակցության նման ցածր ցուցանիշը կարելի է համարել ռեկորդային։
Ռուս փորձագետ Ալեքսեյ Մակարկինը կարծում է, որ թեեւ նման ցածր մասնակցությունն ինտրիգային է, սակայն կարիք չկա դրա պատճառով «մեկ բաժակ ջրում փոթորիկ բարձրացնել»։ Ըստ փորձագետի, ԻԻՀ-ում տեղի ունեցած առաջին պառլամենտական ընտրություններում, օրինակ, համազգային մասնակցությունը եղել է 52 տոկոս։ Սա, իհարկե, լավ ցուցանիշ չէր, սակայն վկայում էր ոչ թե այն մասին, որ Այաթոլլահ Խոմեյնին ժողովրդի շրջանում վստահություն չէր վայելում, այլ այն, որ մարդիկ պարզապես հոգնել էին ընտրական գործընթացներից։ Մակարկինը, հիշեցնելով իրանական նորագույն պատմության որոշ դրվագներ, նկատում է, որ մեկ տարում այդ ժամանակ չորս ընտրություն է տեղի ունեցել՝ սկսած Իսլամական Հանրապետության հաստատման հանրաքվեից, որը եղել է 1979 թ․ մարտին, Սահմանադրության ընդունման հանրաքվեից, որը նույն՝ 79-ի դեկտեմբերին էր, ապա արդեն 1980 թվականի հունվարին նախագահական ընտրություններ եղան, որին էլ հաջորդեցին 80-ի մարտի խորհրդարանական ընտրությունները։ Ընդ որում, մասնակցությունը հետեւողականորեն նվազման միտում է արձանագրել։ Դա վկայում է ե՛ւ ընտրողների՝ ընտրական-քաղաքական գործընթացներից «հոգնած» լինելու մասին, ե՛ւ նաեւ վիճակագրությունն ավելի ճշմարտացի, իրականությանը մոտ է դարձրել։
Մյուս կողմից, իրանական ներքաղաքական, հատկապես ընտրական գործընթացների մասին խոսելիս երբեք այդ մասին չպետք է դատել ստանդարտ սկզբունքներով, որոնցով սովորաբար «չափ ու կշիռ է արվում» ցանկացած երկրի ընտրական գործընթաց։ Նախ պետք է հիշել, որ Իրանում այնպիսի քաղաքական համակարգ է, որն ընտրություններին մասնակցության հնարավորություն է տալիս միայն մահմեդական քաղաքական խմբերին։ Ընդ որում, ընտրությունների մասով չափազանց կարեւոր է Պահապանների խորհրդի դերակատարումը։ Վերջինս իրավասու է արգելել ցանկացած առաջադրված թեկնածուի մասնակցությունը։ Բացատրություններն էլ կարող են լինել չափազանց «լղոզված» ու «թույլ»։ Սրան զուգահեռ, ըստ Մակարկինի, Իրանում գործում են պաշտոնական եւ ոչ պաշտոնական խաղի կանոններ, եւ, օրինակ, Պահապանների խորհուրդը որեւէ թեկնածուի կարող է, իհարկե, արգելել, սակայն քաղաքական խմբին, եթե այն ազդեցիկ է երկրի հանրային-քաղաքական դաշտում, խաղի չգրված կանոնների համաձայն, արգելել չի կարող։
Բացի այդ, Իրանում իսլամական հանրապետության ձեւավորած քաղաքական ավանդույթը, որտեղ առկա է նաեւ կուսակցությունների արգելման համակարգը, բյուրեղացրել է հիմնականում երկու պայմանական քաղաքական համայնք՝ բարեփոխիչների եւ պահպանողականների։ Շատ քաղաքական խմբեր հիմնականում փորձում են այս երկու համայնքների դրոշի ներքո դիրքավորվել՝ երկրի հանրային քաղաքական կյանքում փոքրիշատե նշանակալի տեղ զբաղեցնելու համար։ Այս ամենը նկատի ունենալով՝ փորձագետը եզրակացնում է, որ, ըստ ընտրական վիճակագրության օրինաչափության, այն ժամանակ, երբ բարեկարգիչների քաղաքական համայնքն ավելի շատ շանսեր է ունեցել, ընտրություններում մասնակցությունը եղել է ավելի բարձր։ Այն դեպքերում, երբ բարեկարգիչների թեկնածուների հանդեպ Պահապանների խորհուրդը խիստ ու ծավալուն որակազրկումներ է իրականացրել ընտրություններից առաջ, եւ պահպանողականներն են եղել «բացարձակ եղանակ թելադրողը», մասնակցությունը եղել է քիչ։ 2020 թվականից սկսած՝ այաթոլլահ Ալի Խամենեին, ով պահպանողական համայնքից է, եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, մեծ հաշվով մենաշնորհ է հաստատել քաղաքական համակարգում՝ բարեկարգիչներին, մեղմ ասած, շատ քիչ հնարավորություն տալով։ Դրանով է պայմանավորված, որ հասարակությունը, արձագանքելով դրան, պարզապես չի գնում ընտրությունների՝ համարելով, որ անիմաստ է, եթե բարեկարգիչները որեւէ փոփոխություն անելու հնարավորություն չունեն ռեալ կերպով։
Սա, ըստ մեզ, նաեւ խոսում է այն մասին, որ իրանական հասարակությունում, անկախ ամեն ինչից, փոփոխությունների պահանջ, այնուհանդերձ, կա, եւ եթե դրա հեռանկարը գոնե խորհրդարանական առաջիկա քառամյակում (Մեջլիսի յուրաքանչյուր գումարում գործում է 4 տարի) քիչ է, ապա փոփոխություն ցանկացող շարքային իրանցիների համար նաեւ քաղաքական գործընթացներին մասնակցությունն է դառնում անիմաստ։