Օպերատորի մահից 1,5 տարի անց Ալեք Բոլդուինը վերսկսել է Rust ֆիլմի վրա աշխատանքը
Ալեք Բոլդուինը վերսկսել է «Rust» ֆիլմի վրա աշխատանքը՝ օպերատոր Գալինա Հաթչինսի մահից 1,5 տարի անց։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ողբերգությունը տեղի էր ունեցել 2021 թվականի հոկտեմբերին՝ Սանտա Ֆեի մոտ գտնվող ռանչոյում մի դրվագ նկարահանելիս։ Գլխավոր դերակատար, հոլիվուդյան աստղ Ալեք Բոլդուինը (որը նաև ֆիլմի պրոդյուսերն է), ըստ սցենարի, կրակել է 45 Colt ատրճանակից, որը պարզվել է՝ լիցքավորված է եղել իսկական փամփուշտով։
Գնդակը վիրավորել է ֆիլմի ռեժիսոր Ջոել Սոուզային և սպանել օպերատոր Գալինա Հաթչինսին։ Նա հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Տարեսկզբին դատախազները փոխեցին Բոլդուինին առաջադրված մեղադրանքի ձևակերպումն այնպես, որ նրան այլևս անխուսափելի ազատազրկում չի սպառնում։
Դերասանի դատավարությունը երկու շաբաթ առաջ է սկսվել, և «Rust»-ի թիմը որոշել է շարունակել աշխատանքը ֆիլմի վրա։