Ոչ մի այլ երկրի զինվոր չի գալու մեր տարածքներում խրամատ փորի. Սեյրան Օհանյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Մենք գտնվում ենք Արեւմուտքի ու Արեւելքի հատման կետում, բայց աշխարհագրությամբ մենք ավելի շատ ՀԱՊԿ-ի տարածաշրջանին ենք մոտ, էլ չեմ ասում որպես հետխորհրդային երկիր ինտեգրված ենք եղել եւ պաշտպանական, եւ մնացած բոլոր խնդիրներում, հատկապես սպառազինության ու ռազմական տեխնիկայի տիրապետման առումով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու տրամադրություններին:
«Տարիներ ի վեր Հայաստանը լուրջ աշխատանք է կատարել հատկապես այդ ռազմաքաղաքական կառույցի ռազմական բաղադրիչի զարգացման ուղղությամբ: Գոնե երեք ուղղություններով մենք օրինակել ենք եղել. առաջինը օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ձեւավորման մեջ, երկրորդը խաղաղապահ ուժերի ձեւավորման մեջ, եւ երրորդը ռազմական կոմիտեն է: ՀԱՊԿ-ի շրջանակներում գլխվոր շտաբների պետերը չեն ունեցել այն հարթակը, որտեղ կարող էին քննարկել ռազմական իրավիճակը: Մեր առաջարկությամբ է ստեղծվել ռազմական կոմիտեն: Ուզում եմ ասել, որ մեր իշխանության ժամանակ լուրջ աշխատանք է կատարվել»,-ասաց նա: