Արտագաղթող հայ ժողովուրդ եւ պայքարող հայ ազգ

Տարօրինակ բախման ենք ականատես. հայրենիքի ընկալում, պետականության արժեքը չգիտակցող ազգային արժանապատվություն չունեցող ժողովուրդը բախվել է հզոր, արի, հայրենիք սիրող, պետականության արժեքը հասկացող, հայրենիքի համար ամեն ինչ տալու պատրաստ ազգի հետ:
Ծանր բախում է, հյուծիչ բախում է: Բախում, որը իրենց պատմության մեջ ունեցել են հաշված թվով ազգեր:
Top-News.am-ը հարցում է իրականացնում, որին կարող եք մասնակցել նաեւ հիմա: Հարցումն ընթանում է մեկ ամսից ավելի: Պարզվում է, Հայաստանից ոչ մի դեպքում չի արտագաղթի հարցման մասնակիցների 38 տոկոսը: Հասկանո՞ւմ եք, գիտակցո՞ւմ եք՝ ընդամենը 38 տոկոսը: Այս թիվը հարցման ընթացքում տատանվել է 37-39 տոկոսի միջեւ:
Մնացածը պատրաստ է հնարավորության դեպքում արտագաղթել: Ընդ որում, հարցման մասնակիցների 8 տոկոսը նշել է, թե կարտագաղթի որտեղ հնարավոր լինի: Այո, Վիլյամ Սարոյանը ճիշտ է՝ հայը Հայաստանում ապրում է այնպես, ինչպես ապրում է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Սիրիայում, Լիբանանում եւ Ավստրալիայում: Մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք իրենց դժբախտ են համարում, որ ծնվել եւ ապրում են Հայաստանում:
Ունենալ նման ժողովուրդ ու հաղթե՞լ՝ անհնար է: Ժողովրդին չենք մեղադրում: Էլիտան պետք է ժողովրդից ազգ կերտեր: Մեզ մոտ պարզապես այդ նույն ժողովրդին թույլ տվեցին վերցնել իշխանությունը, ավերել երկիրը ու արտագաղթել: Նրանք, ովքեր 2018-ի ապրիլինյ եւ առավել եւս 2020-ի հունիսին նիկոլին կարգեցին վարչապետ, հիմա արտագաղթում են ուր պատահի:
Հիմա կասեք խեղճ ժողովուրդը ստիպված մի կտոր հաց վաստակելու համար արտագաղթում է: Սուտ է, չկա նման բան: Դու գիտե՞ք, որ «գործ անողներին» յուրաքանչյուր անձի համար 25 հազար դոլար են տալիս, որ կարողանան Մեքսիկայի անապատներով հատել ԱՄՆ-ի սահմանը, այնտեղ կես տարի բանտ նստել, որ Նահանգներում ապրելու հնարավորություն ստանան: Պարզ է չէ՞, որ հացի համար կռիվ տվող մարդը չի կարող 25 հազար դոլար տալ կասկածելի մարդկանց:
Մարդը, որը հավատում է, որ Ռոբերտ Քոչարյանը գերիներին իր նկուղում է պահում, որ նա է ապրանքների գների բարձրացնում, մեզ պարտադրեց նիկոլ վարչապետին ու արտագաղթեց: Սա իսկական ողբերգություն է:
Եւ հիմա հայ ազգը ծանր պայքար է մղում նույն այդ ժողովրդի հետ, որ հնարավոր լինի փրկել հայրենիքը, որ հնարավոր լինի պահպանել պետություն ունենալու մեր իրավունքը: Սա մեր ազգի վերջին կռիվն է:
Top-News.am