Սայաթ Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ
Գրիգորյանի դեկտեմբերի 2-ին, բավարարեց ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի պաշտպան Բենիկ Գալստյանի միջնորդությունը, ըստ որի՝ Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացվեց։
Ըստ պաշտպանի՝ իր պաշտպանյալը քրեական գործի նախաքննության ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ։
Գալստյանն անիրատեսական համարեց նաև այն, թե Սայաթ Շիրինյանն իր դեմ ցուցմունք տվող անձի նկատմամբ որեւէ ազդեցություն կարող է ունենալ. «Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ցուցմունք տվողը ոստիկանության բարձրաստիճան անձ է»։
Պաշտպանը նաև հիշեցրեց, որ Շիրինյանին առաջադրված մեղադրանքը ծանր հանցանք չի համարվում։
Հիշեցնենք, որ Շիրիյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: