Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ բողոքների քննությունը հետաձգվեց մեկ ամսով
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ բողոքների քննությունը հետաձգվեց մեկ ամսով։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր կայացել է բողոքների քննությունը, որի ընթացքում պաշտպանության կողմն արդեն ներկայացրել է համապատասխան առարկությունները՝ դատախազության և տուժող կողմի ներկայացված բողոքների վերաբերյալ։
Դատախազությունն էլ իր հերթին առարկություններ է ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացնելու կամ գրավի չափը նվազեցնելու մասով պաշտպանության կողմի ներկայացրած բողոքի վերաբերյալ՝ պնդելով, որ գրավը և գրավի չափը ենթակա չէ փոփոխման՝ խնդրելով մերժել բողոքը։
Անդրադառնալով Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված բողոքին՝ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ իր համար բողոքի առանձին հատվածներ հասկանալի չէին, իսկ Սաֆարյանի փաստարկներին՝ ՍԴ որոշման հիման վրա քրեական հետապնդումը դադարեցնելու կարգ նախատեսված չլինելու վերաբերյալ, չի ցանկանում անդրադառնալ։
Ինչ վերաբերում է պնդումներին, որ դատախազությունը կարող էր փոխել մեղադրանքը՝ առաջին ատյանի դատարանում, Բաղդասարյանը նշեց, որ դա մեղադրանքը փոխելու դատավարական ինստիտուտի հետ չէ կապված։
«Միտքը, որը դատախազությունը կարող էր քրեական գործը հետ տաներ, մի քիչ կապ ուներ քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտի հետ, որը 2007թ գոյություն չունի և ոչ մի կապ չունի մեղադրանքը դատարանում փոխելու ինստիտուտի հետ»,- նշեց Բաղդասարյանը։
Այսօր կայացած դատական նիստին կողմերն, ըստ էության, արդեն ներկայացրել են իրենց դիրքորոշումները՝ բողոքների վերաբերյալ, սակայն, հաշվի առնելով, որ Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը չէր ներկայացել դատական նիստին՝ խնդրելով հետաձգել դատական նիստը՝ հնարավորություն ընձեռելով հաջորդ նիստին առարկություններ ներկայացնել դատախազության կողմից բերված բողոքի վերաբերյալ, դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը։
Նկատի ունենալով հանգամանքը, որ պաշտպան Մեժլումյանը սեպտեմբերի 18-ից 28-ը գտնվելու է արձակուրդում, դատավորները մասնակցելու են վերապատրաստման կուրսերին և կարող են դատական նիստերի մասնակցել հոկտեմբերի 11-ից հետո, հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 15-ին, ժամը 17։00-ին։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՍԴ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները։
ՍԴ որոշումից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս գործով դիմել է ՍԴ, իսկ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով մեղադրանքը պաշտպանող դատախազները միջնորդություն են ներկայացրել՝ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին, իսկ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով դադարեցնելու և այդ մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին։
Բացի այդ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նաև միջնորդություն էին ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավի չափը նվազեցնելու կամ անազատության հետ կապ չունեցող այլ խափանման միջոցով փոխարինելու մասին։
Ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, արդարացման հիմքով դադարեցրել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումն ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հատկանիշներով։ Միևնույն ժամանակ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը բողոքարկել է նաև տուժող կողմը։ Բացի դա՝ պաշտպանության կողմը ևս վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ վիճարկելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կամ գրավի չափը նվազեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշման մասով։