Հարցին՝ ինչ ենք անելու, ասաց՝ ամրանում ենք. Կապանի համայնքապետը մանրամասներ է հայտնել Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումից
Կապանի Գարեգին Նժդեհ հրապարակում`մարզպետարանի դիմաց տեղի է ունենում հանրահավաք՝ ի աջակցություն «Հայրենիքի փրկության շարժման»: Համայնքապետ Գևորգ Փարսյանը նշեց, որ հավաքին են միացել նաև քաջարանցիները, դիմելով հավաքվածներին, ասաց, որ ծանր օրեր են երկրում ու հաշվի առնելով ստեղծված վիճակը, չէր կարող քննարկման առարկա չդարձնել քաոսային քաղաքական վիճակը։ Հավաքվածները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ու սատարում ՀՀ ԶՈՒ-երին, որոնք քաղաքական իշխանության ամբիցիաներիև անպատասխանատու հայտարարությունների պատճառով կանգնել են լուրջ խնդիրների առաջ։
Գևորգ Փարսյանը հանրահավաքի ժամանակ սահմանային իրավիճակի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց, ասաց, որ մինչ այս այդ մասին չի խոսել, որ լրացուցիչ լարվածություն չառաջացնի ԳՇ-ի և կառավարության միջև: Փարսյանը հիշեցրեց պատերազմի սկիզբն ու ավարտը, մեջբերեց նոյեմբերի 9-ի հայտարարության այն կետը, թե ԶՈՒ-ն կանգնում է այնտեղ, որտեղ այդ պահին կանգանած է։
Տեղեկացրեց, որ մինչև նոյեմբերի 9-ը պաշտպանության անցած խմբերը զբաղեցրել էին այնպիսի բնագծեր, բարձունքներ, որ ամբողջովին ապահովում էին հարակից բնակավայրերի անվտանգությունը: Բայց մտավախություններ ունենալով, որ գուցե դեկտեմբերի մեկից իրենց կհրահանգվի, որ բնագծերը զիջեն, ինքը նոյեմբերի 23-ին հանդիպել է ԳՇ պետի և այսօր վարչապետի հրաժարականը պահանջող գրեթե բոլոր գեներալների հետ։ Հանդիպել են դեպի Գորիս տնող ոլորանների սկզբին։
«Գեներալն ասաց, որ որ ինքը շատ լավ հասկանում է անկլավի կարևորությունը Կապանի ու բնակավայրերի համար։ Ասեց՝ ԶՈւ-ն շատ բան անել չի կարող, դիվանագետները պետք է փորձեն հարցեր լուծել, բայց, միանշանակ, անվտանգության գոտու հատվածի հարցը չպետք է քննարկվի բանակցությունների ընթացքում, ոչ միայն չպետք է քանարկվի, այլ եթե անհրաժեշտությունն էլ լինի՝ կռիվ ենք տալու: Հարցին՝ ինչ ենք անելու, ասաց՝ ամրանում ենք: Ամրացանք, կառուցեցինք երկրորդ, երրորդ պաշտպանական բնագծերը, դիրքերը առաջ տվեցինք, մեր համար շահեկան բարձունքներ գրավեցինք: Բայց դեկտեմբերի 15-16-ին հյուր եկավ ռուս խաղաղապահ զորքերից մեկն ու հարցրեց՝ ե՞րբ ենք պատրաստվում բնագիծը զիջել: Մնացի շիվարած: Ասաց՝ խի տեղյա՞կ չեք, քաղաքական ղեկավարությունը ձեզ չի՞ ասել», - պատմեց Կապանի քաղաքապետը:
Փարսյանն ասաց, որ երկար քննարկեցին հարցը, փորձեց օգտագործել նաև անձնական կապերը, հրամկազմի հետ քննարկումներից հետո որոել էին չզիջել բնագծերը։ Բոլոր մեթոդները փորձելով, հասկացան, որ տարբերակ չի մնում, քան ճանապարհներ փակելը։
«Ես ասել եմ՝ Նիկոլի հետ ճանապարհ փակելն եկել է, իր հետ էլ պետք է վերանա»։ Փարսյանը հիշեցրեց, որ այդ տարբերակն աշխատեց։ Համայնքի ղեկավարները հանդիպեցին պաշտպանության նախարարին, պատարստ էին չզիջել դիրքերը, իսկ նախարարն ասել է.
«Ես ոչ մեկին չեմ կարող ասել զիջեք, կամ մի զիջեք, բայց ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս դեմ լինել»։ Համայնքապետերն էլ հիասթափված՝ զիջեցին բարձունքներ ու դիրքեր, փոխարենը՝ ստացան մի շարք խնդիրներ։