Այս սրիկան անգամ իր կնոջն ու զավակներին չի սիրում. Շուշան Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Երկրում տիրող իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի, ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ:
– Տիկին Պետրոսյան, օրեր առաջ Հայոց բանակի տոնն էր: Այսօր ունենք այնպիսի իրավիճակ, երբ անվերջ դավաճանություններից ենք խոսում: Դավաճանություններ` հենց նույն Հայոց բանակի ինչ-ինչ զինվորականների կողմից: Կարելի՞ է ենթադրել, որ գործող իշխանությունը կազմաքանդեց Հայոց բանակը:
– Այո, Հայոց բանակի տոնն էր… Իհարկե, գործող իշխանության թեթեւ ձեռքով այսօր չկա բանակ, բայց կա հայ զինվոր, եւ հենց այդ տեսակը, որ միշտ իրեն հայ զինվոր է համարում, կփրկի մեզ: Մենք նորից կվերածնվենք: Արալեզի պես պետք է սպեղանի դառնանք մեր բանակի համար: Գործող բանդան ջանք չի խնայել, որպեսզի խեղի բանակի իսկական դեմքը` հայ սպայի իրական կերպարը:
– Դասալիքն անվերջ խոսում է այն մասին, որ ինքը Գերագույն հրամանատար է: Սա ցինիզմի գագաթնակե՞տն է, թե՞ այս պարոնի ցինիզմը դեռ էլի կարող է մեզ զարմացնել:
– Հարցը լավն էր շատ… Այդ նույն դասալիքը նաեւ անվերջ պնդում է, որ Շուշին հայկական քաղաք չէ: Դասալիքը նաեւ չի դադարում հայտարարել, որ իր հեղափոխությունը սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն էր: Այսինքն` սուտը ստի վրա է, լուրջ մի ընդունեք: Անամոթ ցինիկներ են: Ո՞նց կարող է հային հայի դեմ հանողը խոսել սիրուց եւ հանդուրժողականությունից: Այս սրիկան իրենից բացի ոչ մեկին չի սիրում, նա անգամ իր զավակներին ու կնոջը չի սիրում, եթե սիրեր` կլիներ ավելի խոհեմ, որ, գոնե, այդ երեխաների ապագան չկործանվեր:
– Շուշին հայկական չհամարող իշխանությանն ամեն օր գովերգում է սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը: Նա է՞լ է կարծում, որ Շուշին հայկական չէ:
– Ես խնդրում եմ Վազգեն Սարգսյանի եղբոր մասին հարցերն ուղղեք հենց իրեն: Ինձ էլ շատ հետաքրքիր է լսել, թե ինչպես է ստացվում, որ սպարապետի եղբայրը կարող է պաշտպանել ազգադավ իշխանությանը: Զարմանքս ուղղակի սահման չունի... Ո՞նց կարող են նույն արյունը կրող եւ նույն դաստիարակությունը ստացած մարդիկ լինել այսքան տարբեր:
– Հայաստանցի-ղարաբաղցի պառակտումը նպաստե՞ց պարտությանը:
– Այնուամենայնիվ, ես հույս ունեմ, որ պառակտում չկա: Դրանք մի քանի վարակի կողմից տարածված հիմարություններ են: Նման պառակտում հիմնականում նկատելի է ֆեյսբուքյան տիրությում, սակայն Ֆեյսբուքը Հայաստան չէ: Վստահ եմ` կան արժանապատիվ հայեր, որոնց համար պատմական ճշգրտություն ունի Լեոնիդ Ազգալդյանի, կրկնում եմ նորից` ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ "Արցախը Հայաստան է, եւ վերջ" նախադասությունը:
– Մենք կհաղթե՞նք նորից, թե մեր գնացքը գնացել է:
– Եթե ինչ-որ մեկի գնացքը պետք է գնա, ապա ներկայիս ավազակախմբի գնացքն է: Պետք է գնան ոչ միայն իրենք` բոլորը, այլեւ իրենց համակիրները: Նրանք բոլորը նույն գնացքով պետք է հեռանան: Ոչինչ, որ քչանանք: Որակը կմնա, կարեւորը որակն է: Եթե անգամ սրանք գնան, միեւնույնն է, հասարակությունն է հիվանդ ու պառակտված: Ինչ վերաբերում է հաղթանակներին, ապա անպայման դեռ հաղթանակներ ունենալու ենք: Առանց հաղթանակի չենք կարող: Մենք գիտենք հաղթանակի համն ու հոտը: