Արդարության կարգախոսով իշխանության եկածները շատ արագ հրաժարվեցին անկախ դատական համակարգ ստեղծելու քայլերից
Արդարության կարգախոսով իշխանության եկածները շատ արագ հրաժարվեցին արդարադատության երաշխիք դատաիրավական համակարգի առողջացման, անկախ դատական համակարգ ստեղծելու քայլերից։ Փոխարենը փոխվեցին պատկերացումները դատական համակարգի անկախության վերաբերյալ։ Իշխանությունը գնաց ոչ թե համակարգը բարեփոխելու, այլ՝ սեփական շահի համար նույն վատ համակարգն օգտագործելու ճանապարհով։ Սկզբնական փուլում դա բավականին հարթ էր ստացվում։
Մենք մի քանի անգամ զգուշացրել ենք դատավորների խմբի մասին, որի առջև խնդիր էր դրված բավարարելու միայն մեկ մարդու շահերն ու պատկերացումները։ Ի սկզբանե այդ թիմի առաջ դրված է ոչ թե ճշմարտության և արդարադատության խնդիրը, այլ՝ մեկ մարդու հրահանգների կատարումը։
Պատերազմից հետո, երբ բարդագույն իրավիճակին որպես միակ արձագանք եղավ Փաշինյանի հրահանգով ապօրինի ձերբակալություններն ու կալանքի միջնորդությունները, դատավորներից շատերը որոշեցին Փաշինյանի վնգստացող վանկարկմանը պատասխանել քաղաքական չեզոքությամբ, առաջնորդվելով բացառապես օրենքով, այլ ոչ թե քաղաքական հրահանգներով: Դատարանները մնացին իրենց գործառույթների շրջանակներում, քանի որ հասկացան, որ պրոցեսները վաղուց արդեն իրավական չեն։
Ի պատասխան առանձին դատավորների անկախության, իշխանությունները որոշեցին փորձարկել համակարգ, որը կապահովի կալանքների մասով դատավորների որոշումները։ Փաշինյանին պետք են դատավորներ, որոնք անմռունչ կկատարեն կալանավորման վերաբերյալ իր բոլոր հրահանգները։
Կառավարությունը շրջանառության մեջ դրեց ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի փաթեթը, որով նախատեսվում է մինչդատական քրեական վարույթի գործերի (այդ թվում՝ կալանքների, գաղտնալսումների հարցերով) և կոռուպցիոն հանցագործությունների քննությունն իրականացնել քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից, որոնք կներգրավվեն արտահերթ կարգով նշանակվող նոր դատավորներից կամ «վեթթինգ» անցած գործող դատավորներից, նոր դատավորների թեկնածուների հավակնորդների ուսուցումը և փորձաշրջանն իրականացնել երկամսյա ժամկետում:
Այս նախագիծը կյանքի կոչվելու դեպքում, սա հնարավորություն կտա առավել վերահսկելի դարձնել հատկապես կալանքի սանկցիաների մասով դատավորների որոշումները, որոնք վերջին շրջանում իշխանությունների սրտով չեն: Ներդրվող մեխանիզմը քաղաքական բաղադրիչից բացի, ունի նաև կոռուպցիոն ռիսկեր։ Նեղանում է կալանքի միջնորդությունը բավարարող կամ մերժող դատավորների շրջանակը, ինչի պայմաններում աճում է վերջիններիս նկատմամբ ազդեցություն կիրառելու հավանականությունը։
Մյուս կողմից պատկերացնում եք երկամսյա ժամկետում ուսուցում և փորձաշրջան անցած դատավորների արհեստավարժությունը, այն դեպքում որ գործող կարգավորումները դատավորի թեկնածուի ուսումնառության նվազագույն ժամկետը սահմանում է 7 ամիս, իսկ փորձաշրջանի տևողությունը՝ 3 ամիս:
Այս նախագիծը կյանքի է կոչում Փաշինյանի մտադրություններից առանցքայինը՝ դարձնել դատական համակարգը ձեռնասուն, ունենալ միայն իր կամքը կատարող դատարան։ Թե չէ, ո՞վ է տեսել, դատարանները ապօրինի են ճանաչում իր հրահանգներով տեղի ունեցող ձերբակալություններն, իսկ կալանքի միջնորդությունները մերժում են։