Ներկայում ի՞նչ է հայտնի երեխաների մոտ COVID-19-ի մասին
Այսօրվա դրությամբ ի՞նչ է հայտնի երեխաների մոտ COVID-19-ի մասին: Բոլոր առկա տվյալները հրապարակել է մանկաբուժական առաջատար պարբերականներից մեկը՝ JAMA Pediatrics-ը:
Ինչպես հաղորդում է Medportal.ru-ն, առկա տեղեկություններով՝ երեխաները նույնպես հիվանդանում են COVID-19-ով: Նրանք կարող են վարակվել ընտանիքի անդամներից, ընկերներից, ուսուցիչներից եւ այլ մարդկանցից, որոնց հետ սերտ շփվում են: Որքան բարձր է երեխայի տարիքը, այնքան բարձր է նրա մոտ հոսպիտալացում պահանջող COVID-19-ի զարգացման ռիսկը: Սակայն նորածիններն ու մինչեւ մեկ տարեկան երեխաները նույնպես ռիսկի խմբում են:
Չնայած երեխաների շրջանում COVID-19-ի հետեւանքով մահանալու հավանականությունն ավելի փոքր է, քան մեծահասակների դեպքում, որոշ երեխաներ, այնուամենայնիվ, մահանում են այդ հիվանդության հետեւանքով:
Համարվում է, որ որոշակի հիվանություններ եւ պաթոլոգիաներ ունեցող երեխաներն ավելի հաճախ են բախվում COVID-19-ի ծանր արտահայտված տեսակի հետ: Այդպիսի առողջական խնդիրներն են ճարպակալումը, բրոնխիալ ասթման, նյարդաբանական խանգարումները, սրտի հիվանդությունները, ցածր իմունիտետը եւ այլն:
Երբեմն SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակված երեխաների մոտ կարող է առաջանալ բազմահամակարգային բորբոքման համախտանիշ: Այդ վիճակը, որը կարելի է բացատրել՝ որպես օրգանիզմի չափազանցված արձագանք կորոնավիրուսով վարակվելու նկատմամբ, առաջանում է հիվանդությունից 2-4 շաբաթ անց: Այդ համախտանիշով երեխաներին պահանջվում է հիսպիտալացում եւ ինտենսիվ բուժում: Երբեմն դա հանգեցնում է մահվան:
Այդ համախտանիշի հիմնական սիմպտոմներն են.
տենց առնվազն 24 ժամվա ընթացքում;
ցավ որովայնում;
փորլուծություն;
ցավ պարանոցում;
ցան մաշկի վրա;
աչքերի բորբոքում;
հոգնածություն;
խախտված շնչառություն;
տեւական ցավ կրծքավանդակում:
Ի՞նչ պետք է անեն ծնողները:
Գիտնականները հիշեցնում են, որ նախ ծնողները պետք է փորձեն չվարակվել կորոնավիրուսով եւ, իհարկե, անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի չվարակեն երեխաներին: Այդ նպատակով խորհուրդ է տրվում հետեւել երեք պարզ կանոնի՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն եւ պարբերաբար լվանալ ձեռքերը:
Բժիշկները նաեւ խորհուրդ են տալիս վեց ամսականից բարձր բոլոր երեխաներին պատվաստվել գրիպի դեմ: Այդ պատվաստումը պահանջվում է ամեն տարի, սակայն համավարակի ֆոնին հատկապես կարեւոր է: Ընտանիքի անդամներին խորհուրդ է տրվում պատվաստվել COVID-19-ի դեմ: