Այս կարգավորումը սպառնալիք է Հայաստանում գործող ԶԼՄ-ների գոյությանը
Այս նախագիծը ոչ միայն արդյունավետ միջոց չէ զրպարտության և վիրավորանքի դեմ պայքարի համար, այլև հակառակը՝ այն ավելի մեծ հնարավորություն է տալու ֆեյքերի զարգացման համար, որովհետև ավելի շատ մարդիկեն իրենց ասելիքը հայտնելու իրենց ոչ իրական դեմքով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագծին, որով առաջարկվում է սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը ավելացնել, վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից 10 միլիոն դրամ:
«Կեղծանուն են վերցնելու, դե գնացեք ու գտեք սոցիալական ցանցերով վիրավորանք և զրպարտություն տարածող ֆեյքերին։ Մյուս կողմից սա հարվածելու է բարեխիղճ գործող լրատվամիջոցներին, որտեղ մի տեղեկություն հրապարակելու համար շատ ավելի ռեսուրսներ, ջանքեր են գործադրելու, որպեսզի ամեն հնարավոր մեխանիզմ գործադրեն և կանխեն որևէ վիրավորանք կամ զրպարտություն որակող արտահայտություն»,- ասաց նա։
Տիկին Դոյդոյանը հղում է անում Մարդու իրավունքների եպրոպական դատարանի այն որոշումներին, որոնցում ասվում է, որ փոխհատուցման գումարը չպետք է այնքան բարձր լինի, որ սպառնա լրատվամիջոցների գործունեությանը։
«Անխոս, այս կարգավորումը Հայաստանում գործող ԶԼՄ-ների գոյությանը սպառնալիք է և եթե դատարանները առավելագույն չափով բավարարեն փոխհատուցման գումարները, լրատվամիջոցները պարզապես կկանգնեն փակման վտանգի առջև»,- ասաց նա։
Մյուս կողմիից էլ տիկին Դոյդոյանն ընդունում է, որ խնդիր կա, վիրավորանքն ու զրպարտանքը մեծ ծավալների են հասել։
«Բայց ոչ այնքան ավանդական լրատվամիջոցներում, որքան սոցիալական ցանցերում, և ոչ այնքան լրագրողների կողմից, որքան առանձին անհատների կողմից, որոնք առանձնապես իրենց անուն, ազգանունով հանդես չեն գալիս, այլ՝ կեղծանվամբ»,- նկատում է նա։
Առհասարակ, ըստ տիկին Դոյդոյանի՝ պատժիչ մեխանիզմները կարճաժամկետ ազդեցություն են ունենում։ Նա Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությունը համեմատում է վիրահատական միջամտություն հետ, սակայն շեշտում է, որ այն հիվանդին երբեք չի առողջացնելու։
«Այո, եթե ընդունենք, որ դաշտում հիվանդություն կա՝ զրպարտությունը, վիրավորանքը, ապատեղեկատվությունը, որոնք մեծ չափերի են հասել, ինչ-որ միջոցներ պետք է ձեռնարկել, որպեսզի դրանց ծավալները նվազեցնենք։ Ես սա համեմատում եմ հիվանդության հետ և հիվանդության բուժումը նման կոշտ ու կոպիտ միջամտություններով երբեք արդյունավետ չի լինում, պետք է հանգիստ, երկարաժամկետ, բոլոր հնարավոր արդյունավետ միջոցները գործադրելու ճանապարհով հասնել արդյունքին»,- ասաց նա։
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահը մի քանի միջոց է առաջարկում։
«Առաջինը՝ լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության, ֆինանսական հաշվետվողականության բարձրացման ճանապարհով գնալն է։ Լրատվամիջոցները պետք է առավել բաց, անկեղծ ու պատասխանատու լինեն իրենց ընթերցողի առաջ, որպեսզի ընթերցողը հասկանա և ընտրություն կատարի, թե որ լրատվամիջոցի կամ որ քաղաքացի-լրագրողի կոնտենտն է սպառելու։ Երկրորդը՝ արտադատարական մեխանիզմների հզորացումը և նրանց հանրայնացումն է, որպեսզի քաղաքական գործիչները շտապեն դիմել ոչ այնքան դատական համակարգի աջակցությանը, որքան արտադարական մարմինների աջակցությանը։ Դրանք Հայաստանում կան, և հաջողությամբ են գործում։ Առաջինը էթիկայի դիտորդ մարմինն է, որը տալիս է տեղեկատվական վեճերի էթիկական գնահատականը, երկրորդը՝ տեղեկատվական վեճերի խորհուրդն է, որը իրավական գնահատական է տալիս»,- նշում է տիկին Դոյդոյանը և հավելում, որ այս օրինագիծը անարդյունավետ է լինելու։
«Ոչ մի բանի պիտանի նախագիծ է, իրավիճակը վատթարացնող ու պրոբլեմը խորացնող օրինագիծ, հետևաբար չարժե, որ մենք այսքան ժամանակ ծախսենք սրա քննարկումների վերաբերյալ»,- ընդգծում է նա։
Ժուռնալիստների միությունը օրենսդրական այս նախաձեռնության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ, որում ասվում էր, որ այն միտված է սահմանափակելու ազատ խոսքն ընդհանրապես և մամուլի ազատությունը։ Հարցին, թե վտանգներ տեսնո՞ւմ եք, որ այն խոսքի ազատությունը կսահմանափակի, Շուշան Դոյդոյանը դրական պատասխանեց։
«Լրատվամիջոցներում ավելի մեծ չափերի կհասնի ինքնագրաքննությունը, և լրատվամիջոցները շատ հաճախ ապօրինությունների մասին ահազանգելուց կսկսեն կշռադատել, մտածել, թե արդյոք իրենք 100 %-ով վստահ են, որ այն, ինչ իրենք հրապարակելու են, ճշմարտություն է։ Այս պրակտիկան կհակասի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկային, որն ասում է՝ լրատվամիջոցների առաջ չպետք է դնել միայն ճշմարտությունը հրապարակելու պահանջ, լրատվամիջոցների առաջ պետք է միայն դնել բարեխիղճ լինելու պահանջ, որպեսզի լրագրողը վստահ լինի, որ բարեխիղճ է գործել և հավաքել է հնարավորինս բոլոր փաստերը, խոսեցրել է տվյալ իրադարձության մեջ ներգրավված բոլոր կողմերին և անաչառ է գտնվել՝ չի պաշտպանել այս կամ այն կողմին։ Ճշմարտությունը հրապարակելու պահանջ դնելը ուղղակի հակասության մեջ է մտնում լրագրողական ազատության հետ»,- նկատում է Շուշան Դոյդոյանը։
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահի համոզմամբ՝ քաղաքական գործիչները պարտավոր են առավել հանդուրժող լինել իրենց հասցեին հնչած քննադատությանը։
«Սա նույնպես ՄԻԵԴ-ի զարգացրած կանոնն է, քանի որ նրանք այսպես, թե այնպես գտնվում են հանրային բեմահարթակում, և մենք չենք խնդրել, որպեսզի նրանք գտնվեն այդտեղ և հետևաբար հայտնվեն հանրության ուշադրության կենտրոնում, և ուրեմն սա նաև հանրային ուշադրության կենտրոնում գտնվելու կողմնակի ազդեցություն է։ Բնականաբար, նրանք ավելի շատ են ենթարկվում քննադատության, ավելի շատ է նրանց հասցեին հնչում վիրավորանք։ Պետք է շատ ավելի հանդուրժող լինեն, ավելի հանգսիտ լինեն, որովհետև սա իրենց աշխատանքի մի մասն է»,- եզրափակեց Շուշան Դոյդոյանը։
Հավելենք նաև, որ սեպտեմբերի 7-ին ԱԺ Պետաիրավական հարցերի մշտականն հանձնաժողովում լայն քննարկումների առիթ դարձած այս օրինագիծն առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն ստացավ, սակայն հեղինակի առաջարկությամբ՝ այն ԱԺ առաջիկա լիագումար նիստերի օրակարգ չի մտնի։


















































Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 25-ին:
Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ձերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը
Խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց
Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվ...
Ալեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն․ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հարց...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին