Ավինյանին ուզում են պարտավորեցնել
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին կազմակերպությանը տրամադրել Երևանի 33-րդ թաղամասում (Ֆիրդուսի) տարածքներ ձեռք բերողների ներկայացրած ֆինանսական ապահովման հիմքերը, կառավարության հետ գործարքի ապահովումը երաշխավորող պայմանագրեր կնքվելու դեպքում դրանց պատճենները և այլ տեղեկություններ։
Ավելի վաղ՝ սույն թվականի հուլիսի 1-ին, ԹԻՀԿ-ն հարցում էր ուղարկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն հետևյալի մասին․
«Որպես ծրագրի իրականացման երաշխիք ֆինանսական ապահովման ինչպիսի՞ իրավական հիմքեր են ներկայացրել 33-րդ թաղամասի տարածքներ ձեռք բերողները և ՀՀ կառավարության հետ կնքվե՞լ են արդյոք գործարքի ապահովումը երաշխավորող պայմանագրեր: Առկայության դեպքում խնդրում ենք տրամադրել բոլոր փաստաթղթերի պատճեները,
քննարկվե՞լ է արդյոք ՀՀ կառավարությունում 203.2018թ. թիվ 332-Ն որոշմամբ 33-րդ թաղամասը բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու խնդրահարույց որոշման իրավաչափությունն այն առումով, որ դրանով տարածքներ ձեռք բերող ընկերությունները հիմնականում պատկանում են Էդուարդ Մելիքյանին, որի նախկին և ներկա խնդրահարույց վարքագիծն ու գործողությունները նաև 33-րդ թաղամասի հետ կապված, պետության ներկայացուցիչների «միտումնավոր և նպատակադրված անգործությունն» ուղղակիորեն ցույց են տալիս գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի բարձր հավանականությունը,
ինչպե՞ս է գնահատում ՀՀ կառավարությունը Էդուարդ Մելիքյանի կողմից իրավաբանորեն տարբեր ընկերությունների միջոցով 33-րդ թաղամասի ծրագրում թվացյալ մրցակցություն ցուցադրելու և պետաիշխանական լիազորություններով օժտված պատկան մարմինների կողմից նշված իրողությունը քողարկելու, հանրությանը կեղծ և շինծու տեղեկատվություն ներկայացնելու գործողությունները,
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կանոնադրության 3-րդ գլխի 10-րդ մասի 24-րդ կետի համաձայն՝ կոմիտեի խնդիրներից է նաև քաղաքաշինական օբյեկտների լավագույն ճարտարապետական լուծումների ընտրության նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպումը և դրանց իրականացման աջակցությունը։ 33-րդ թաղամասով քաղաքաշինության կոմիտեն ՀՀ կառավարության կողմից որոշման կայացման հետ կապված որևէ քայլ չի ձեռնարկել, որևէ մրցութային գործընթաց չի իրականացրել։ Ընդ որում, կոմիտեի նախագահի պաշտոնում այդ ժամանակահատվածում աշխատել է Նարեկ Սարգսյանը, ով ներկայումս հանդիսանում է նախագծի գլխավոր ճարտարապետը: Ինչպե՞ս է գնահատում ՀՀ կառավարությունը 33-րդ թաղամասում քաղաքաշինության կոմիտեի բացահայտ շահագրգռվածությունը` իր գործառույթների հետ կապված նախկինում և ներկայում անգործություն դրսևորելու վերաբերյալ»։
ՀՀ փոխվարչապետի կողմից ԹԻՀԿ հարցմանն ի պատասխան ուղարկված գրությամբ, ըստ էության, մերժվել է հայցվող տեղեկատվության տրամադրումը (հարցադրումներից 1-ինի մասով) հայցվող տվյալների՝ բանկային և առևտրային գաղտնիք լինելու պատճառաբանությամբ, իսկ մյուս հարցադրումների առնչությամբ նշվել է, որ դրանցով ակնկալվում է ստանալ ոչ թե տեղեկություն, այլ կարծիք, ինչն, ըստ փոխվարչապետի գրասենյակի, չի հանդիսանում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի կարգավորման առարկա:
ԹԻՀԿ-ն, հղում անելով ՀՀ սահմանադրությանը և օրենքներին, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից տարբեր գործերով կայացրած որոշումներին, դիմել է ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին տրամադրել կազմակերպության կողմից 01.07.2020թ.-ի հարցմամբ պահանջվող ողջ տեղեկատվությունը և փաստաթղթերը։
ԹԻՀԿ-ին դատարանում ներկայացնելու են փաստաբաններ Էլինա Գյուրջյանը, Գենյա Պետրոսյանը, Երանուհի Թումանյանցը և Դավիթ Գյուրջյանը։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Մադելին Շարաֆյանը «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը ներկայացել է հայ դիզայների զգեստով
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է