Ստրասբուրգի նորընտիր քաղաքապետը Առաջին Հանրապետության կին պատգամավորի ծոռնուհին է. մանրամասներ
Ստրասբուրգի նորընտիր քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը դաշնակցական ռազմական–քաղաքական գործիչ Սարգիս Բարսեղյանի և Հայաստանի Առաջին հանրապետության դաշնակցական պատգամավորներից Պերճուհի Պարտիզպանյանի ծոռնուհին է։
Նրա նախապապը՝ Սարգիս Բարսեղյանը, կրթությունը ստացել է Ժնևի համալսարանում, ապա մեկնել Բաքու, որտեղ կազմակերպել է տեղեկատվական թերթոնների տարածումը հայազգի աշխատավորների շրջանում։
Բարսեղյանը Շուշիում մասնակցել է «Փոթորիկ» ռազմագործողությանը և ձերբակալվել։ Բանտ տեղափոխվելու ճանապարհին նրա զինակիցները հարձակվել են բանտարկյալներին ուղեկցող ժամապահների վրա և ազատ արձակել Բարսեղյանին՝ իրենց հետ տանելով նաև զենք, զինամթերք։ Սարգիսը հետագայում գործուն մասնակցություն է ունեցել հայ-թաթարական ընդհարումներին, գործել Նախիջևանի շրջանում, ապա 1906-ին տեղափոխվել է Վան, մասնակցել է հայ-թուրքական կռիվներին. Վանում եղել է կուսակցական գործիչ, ընտրվել է Կարինի բյուրոյի անդամ։ Սարգիս Բարսեղյանը հարյուրավոր հայ մտավորականների հետ ձերբակալվել և նահատակվել է 1915թ.՝ դառնալով Հայոց Ցեղասպանության առաջին զոհերից մեկը։
Նրա կինը՝ հասարակական գործիչ, մանկավարժ, գրող Պերճուհի Պարտիզպանյանը նույնպես ուսանել է Ժնևում։ 1909 թվականին նա ամուսնացել է Սարգիս Բարսեղյանի հետ, իսկ ամուսնու սպանությունից հետո տեղափոխվել է Բուլղարիա, այնուհետև՝ Թիֆլիս, որտեղ Հովնանյան և Գայանյան վարժարաններում զբաղվել է ուսուցչությամբ: Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումից հետո միակ որդու՝ Արմենի հետ տեղափոխվել է Երևան, 1919 թվականի հուլիսին Դաշնակցության կողմից ընտրվել խորհրդարանի պատգամավոր, ընդգրկվել Ամերիկյան խնամատարության կոմիտեում: Հանրապետության անկումից հետո գաղթել է Հայաստանից: Որոշ ժամանակ բնակվել է Սոֆիայում, այնուհետև վերջնականապես հաստատվել Փարիզում, որտեղ ղեկավարել է Նանսենյան գրասենյակը և շարունակել իր հայանպաստ գործունեությունը հայ գաղթականների օգնության Նանսենեան կազմակերպությունում։ Պերճուհի Պարտիզպանյանը մահացել է 1940թ. Փարիզում։
Գրականագետների կողմից հատկապես բարձր է գնահատվել նրա 1938-39թթ. Բոստոնի «Հայրենիք» ամսագրում հրատարակված «Խանձված օրերը» գիրքը, որում նա ամբողջացրել է Պոլսո կյանքի, Եղեռնի մասին հիշողությունները: Գիրքը հետագայում վերահրատարակվել է 2004թ.-ին ֆրանսերեն՝ հեղինակի որդու թարգմանությամբ և թոռների օժանդակությամբ, և այնուհետև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին դրվել հայ ընթերցողի սեղանին:
Ժաննա Բարսեղյանի պապը՝ իրավաբան Արմեն Բարսեղյանը ապրելով Ֆրանսիայում իր զավակներին և թոռներին դաստիարակել է հայկական ոգով։
Ժաննա Բարսեղյանը, ով ծնվել է Փարիզի շրջանում, 2002-ին տեղափոխվել է Ստրասբուրգ, որտեղ սովորել է ֆրանս-գերմանական իրավունք ու պապի օրինակով դարձել իրավաբան։ Ժաննա Բարսեղյանը, սակայն, առավել ճանաչված է, որպես բնապահպան–ակտիվիստ։
Որպես էկոակտիվիստ՝ Բարսեղյանը մասնակցել է շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված բազմաթիվ նախագծերի: Նա ընտրություններում գլխավորում է Ֆրանսիայի «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը։
Հիշեցնենք, որ հայկական ծագումով ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժաննա Բարսեղյանն Ստրասբուրգի քաղաքապետ է ընտրվել՝ ստանալով ընտրողների ձայների 42,5 %-ը։


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն. նախարարը՝ նոր կարգավորում...