ԱՄՆ-ը Արցախին այլևս չի օգնի. Երևանից հնչող որոշ հայտարարություններ անպատասխան չմնացին. Սուրեն Սարգսյան
ԱՄՆ-ը Արցախին այլևս օգնություն չի տրամադրի. նախագահ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել վերացնել Արցախին տրվող 1.5 միլիոն դոլարի աջակցության ծրագիրը:
Նշենք, որ ԱՄՆ-ի կողմից տրամադրվող այս ուղիղ օգնության նպատակն էր՝ աջակցել Արցախում իրականացվող ականազերծման աշխատանքներին:
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանի խոսքով՝ ԱՄՆ-ը նման որոշում փորձում էր կայացնել շատ ավելի վաղ, և ընթացող բոլոր զարգացումները տանում էին հենց դրան:
Ըստ Սարգսյանի՝ Արցախում ականազերծման աշխատանքների համար տրվող գումարների ծավալի կրճատման մասին խոսակցություններն ավելի վաղ էին սկսվել, ու հիմա ծրագրի դադարեցումն ինչ-որ առումով պատասխան է՝ Հայաստանի իշխանության որոշ քայլերի և որոշ քաղաքական որոշումների:
«Խոսքը գնում է Սիրիայում մեր ներգրավվածության, Երևանից հնչող որոշ հայտարարությունների մասին, որոնք ամերիկյան իշխանությունների սրտով չեն եղել: Բոլորս հիշում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի քանի հայտարարություններ, որոնք նա արեց դեռ մեկ տարի առաջ, և դրանք չօգնեցին մեր լոբբիստներին, որպեսզի նրանք կարողանան ԱՄՆ-ի կողմից Արցախին տրվող օգնության համար առավել ակտիվ աշխատել»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի կողմից կայացված այս որոշմանը նպաստեց նաև ամերիկյան ընդհանուր արտաքին օգնությունների կրճատմանը միտված քաղաքականությունն ու ադրբեջանցիների լոբբիստական ակտիվ աշխատանքն Անվտանգության խորհրդում:
Սուրեն Սարգսյանն առանձնացրեց Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությունները.
«Վարչապետը հայտարարեց, որ Միացյալ Նահանգներին երբեք որևէ իշխանություն այնքան չի քննադատել, որքան ինքը: Հայտարարեց նաև, որ Նահանգները զրոյական աջակցություն է ցուցաբերել հետհեղափոխական Հայաստանին: Այս հայտարարություններն ԱՄՆ-ում ֆիքսվում են, և, եթե ոչ անմիջապես, ապա որոշակի ժամանակ անց ունենում են արձագանքներ: Ես չեմ պնդում, որ օգնության կասեցման պատճառը հենց այս հայտարարություններն են, բայց որ դրանք եղել են մեր աշխատանքներում խոչընդոտող գործոններ, դա այդպես է»:
Ս. Սարգսյանի խոսքով՝ եթե եղել է մեկը, որը «կռիվ է տվել» ԱՄՆ-ի կողմից այս որոշման չկայացման համար, ապա եղել են Հայ Դատի գրասենյակն ու ԼՂՀ ներկայացուցչությունը Վաշինգտոնում:
Ս. Սարգսյանի փոխանցմամբ՝ քանի որ ԱՄՆ-ը ՀՀ-ից զատ միակ պետությունն էր, որն օգնություն էր ցույց տալիս Արցախին, ուստի այդ ծրագիրն ուներ նաև աշխարհաքաղաքական նշանակություն:
«Ես չեմ կիսում այն հիմնավորումը, թե ականազերծման աշխատանքներին տրվող ֆինանսավորումը դադարեցվում է, որովհետև ականներն այլևս հանված են: Այդ դեպքում կֆինանսավորեին այլ ծրագիր, եթե ունենային ցանկություն: Օրինակ՝ ժամանակին ֆինանսավորեցին Ստեփանակերտը խմելու ջրով ապահովելու ծրագիրը, հետևաբար՝ հիմա էլ կարող էին գումարն այլ մարդասիրական ծրագրերի ուղղել, ինչը, սակայն, չարեցին»,- ասաց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը՝ նշելով, որ, ի տարբերություն Արցախի, ԱՄՆ-ը Ադրբեջանին հատկացվող ծրագրերի ֆինանսավորման հարցում, այդ թվում և՝ անվտանգության ոլորտում, որևէ փոփոխություն չի արել:
Սարգսյանը նաև ընդգծեց, որ Արցախին հատկացվող աջակցության դադարեցումը դարձավ նախադեպ, և, երբ նման ծրագրերը վերանում են, հետո շատ դժվար է լինում դրանք վերականգնելը:
«Կարծում եմ՝ այն վերականգնել հնարավոր կլինի ԱՄՆ-ի հաջորդ ղեկավարության դեպքում՝ այն ժամանակ, երբ նոր վարչակազմի առաջնահերթություններն այլ կլինեն»,- խոսքը եզրափակեց Սարգսյանը:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...