Վարչապետը Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարություններն անընդունելի և անհասկանալի է համարում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի և անհասկանալի է համարում Գանձասարի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջին հայտարարությունները՝ ընդգծելով, որ նման խոսույթը չի համապատասխանում խաղաղության նկատմամբ անհրաժեշտ խնամքով վերաբերմունքի տրամաբանությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Փաշինյանը հայտարարել է Ազգային ժողովում՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանի հարցին։
Պատգամավորը, անդրադառնալով սեպտեմբերի 12-ին Գանձասարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցի ընթացքում Հիքմեթ Հաջիևի հնչեցրած պնդումներին, վարչապետին առաջարկել է ամբիոնից հայտարարել, որ Գանձասարը հայկական է։
Փաշինյանը պատասխանել է, որ Գանձասարի ծագման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումն արդեն ներկայացվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի միջոցով։
«Եթե մեզ հետաքրքրում է որևէ մատյանի կամ մատյանում առավել ևս հիշատակված վանական համալիրի ծագումնաբանությունը, մենք պետք է դիմենք այդ մատյանին և բնագրերին։ Եվ Հայաստանի Հանրապետությունն այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ Մատենադարանի տնօրենի միջոցով արձագանքել է և արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը, և ես ընդհանրապես անիմաստ եմ համարում այդ թեմայով խոսակցությունը»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը միաժամանակ նշել է, որ անիրագործելի է համարում խնդիր դնել Գանձասարի հայկական ծագումն Ադրբեջանի համար ապացուցելու ուղղությամբ։
«Բայց նաև անիմաստ եմ համարում նպատակադրումը, եթե մենք մեր առաջ խնդիր դնենք, որ դա պետք է ապացուցենք, օրինակ, Ադրբեջանին, որովհետև դա անիմաստ և անիրագործելի խնդիր է։ Դա մենք պետք է արձանագրենք, որ անիրագործելի խնդիր է, բայց դա մեզ համար որևէ բան չի փոխում, չի փոխել և չի փոխելու։ Եվ էլի եմ ասում՝ մենք պետք է հարցերը հստակ տարանջատենք»,- նշել է նա։
Փաշինյանն անդրադարձել է նաև Հաջիևի հայտարարությունների ազդեցությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վրա։
«Ինչ վերաբերում է ձեր հարցի առաջին մասին, մենք ասել ենք և ասում ենք, որ հաստատված խաղաղությունն արժեք է թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի համար, և թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում անհրաժեշտ է խնամքով վերաբերվել խաղաղությանը»,- ասել է վարչապետը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանում պաշտոնյայի կողմից Գանձասարի վերաբերյալ արված հայտարարություններն այս համատեքստում անընդունելի են։
«Այն, ինչ մենք տեսանք Ադրբեջանում՝ Ադրբեջանի պաշտոնյայի կողմից, իհարկե, առավել ևս այս տեսակետից անընդունելի է և անհասկանալի»,- հայտարարել է Փաշինյանը։
Միաժամանակ վարչապետը շեշտել է, որ, չնայած նման դրսևորումներին, Հայաստանը պետք է շարունակի խնամքով վերաբերվել խաղաղության գործընթացին։
«Մյուս կողմից, սակայն, ես ուզում եմ արձանագրել, որ մենք պետք է շարունակենք խնամք տանել խաղաղության նկատմամբ։ Ընդ որում՝ սա նոր չէ, որ մենք ասում ենք։ Ես դրա մասին ասել եմ 2025 թվականի օգոստոսի 8-ին»,- ասել է Փաշինյանը։


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին