Իրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը
Իրանը համարում է, որ ԱՄՆ-ի հետ հունիսին կնքված Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը շարունակում է ուժի մեջ մնալ. Թեհրանը մտադիր է վերադառնալ Վաշինգտոնի հետ հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պեկինում իր չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպման ժամանակ։
«Իրանը շահագրգռված չէ հակամարտության շարունակմամբ և հույս ունի վերադառնալ դիվանագիտական կարգավորմանը և միաժամանակ մտադիր է վճռականորեն պաշտպանել իր իրավունքներն ու շահերը։ Իրանական կողմը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը շարունակում է ուժի մեջ մնալ», - մեջբերում է նրա խոսքերը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Արաղչին նաև նշել է, որ Իրանն աջակցում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողմից առաջ քաշված չորս նախաձեռնություններին՝ ուղղված Մերձավոր Արևելքում ընդհանուր անվտանգությանը նպաստելուն։ «Իրանական կողմը ողջունում և պաշտպանում է Մերձավոր Արևելքում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու նպատակով նախագահ Սի Ծինփինի ներկայացրած չորս առաջարկները, ինչպես նաև տարածաշրջանում ընդհանուր անվտանգության խթանմանն ուղղված չորս նախաձեռնությունները։ Իրանը պատրաստ է այս շրջանակներում ամրապնդել համագործակցությունը Չինաստանի հետ և ակնկալում է, որ չինական կողմն ավելի նշանակալի դեր կխաղա տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում», - նշել է Իրանի ԱԳ նախարարը։
ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ Սի Ծինփինը չորս նախաձեռնությունները ներկայացրել է սեպտեմբերի 2-ին Կահիրեում՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ բանակցությունների ընթացքում։ Դրանք կոչ են անում ամրապնդել մերձավորարևելյան երկրների ինքնուրույն դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում, համալիր կերպով լուծել փոխկապակցված ճգնաժամերը, ամրապնդել երկարաժամկետ կայունության տնտեսական հիմքը և ուժեղացնել միջազգային համակարգումը՝ հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի վրա։
Վան Իի հետ հանդիպման ժամանակ Արաղչին նաև հայտնել է, որ Իրանը և Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ ծրագիրը։
Վան Ին հերթին հայտարարել է, որ Չինաստանն Իրանի ռազմավարական գործընկերն է և պատրաստ է պաշտպանել Իսլամական Հանրապետության օրինական շահերը։
Չինաստանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտության շարունակական ձգձգումը չի համապատասխանում կողմերի, ինչպես նաև միջազգային հանրության շահերին, և կոչ է արել վերադառնալ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրին։


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Երկրորդ սերնդի մոլորակ