ՀՖԲ-ն ընդլայնում է համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի հետ
Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) տնօրեն Քեշ Պատելը հայտարարել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում նոր գործընկերային հարաբերություններ են հաստատվել Չինաստանի և Ռուսաստանի հետ՝ չնայած այն հանգամանքին, որ այդ երկրները երկար տարիներ համարվում են ԱՄՆ-ի հիմնական աշխարհաքաղաքական մրցակիցները։ Նրա խոսքով՝ համագործակցության նպատակն է համատեղ պայքարել անդրազգային հանցավորության դեմ, այդ թվում՝ ֆենտանիլի ապօրինի շրջանառության, կիբեռխարդախության և երեխաների սեռական շահագործման դեպքերի դեմ։
Համագործակցության շրջանակում իրականացվել է նաև աշխատակիցների փոխանակման ծրագիր։ Դրա համաձայն՝ Չինաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այցելել են Միացյալ Նահանգներ, իսկ ՀՖԲ գործակալները մեկնել են Չինաստան՝ համատեղ հետաքննություններ իրականացնելու և հետախուզական տեղեկատվություն փոխանակելու նպատակով։ Բացի այդ, երկու երկրների իրավապահները մասնակցել են համատեղ հատուկ գործողությունների, ստուգայցերի և ձերբակալությունների։
ՀՖԲ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Քեշ Պատելը հուլիսի վերջին վերադարձել է Պեկին կատարած այցից, իսկ Ռուսաստան նրա առաջին պաշտոնական այցը նախատեսված է հոկտեմբերին։
«Reuters» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Պատելը նշել է, որ այսպես կոչված «ոչ ավանդական գործընկերների» հետ համագործակցությունը խիստ ընտրողական բնույթ է կրում և սահմանափակվում է միայն անդրազգային հանցավորության առանձին ուղղություններով։ Դրանց թվում են երեխաների սեռական շահագործման միջազգային ցանցերի բացահայտումը և կիբեռխարդախության այն կենտրոնների դեմ պայքարը, որոնք թիրախավորում են ամերիկացի քաղաքացիներին։
ՀՖԲ-ում այս համագործակցային ձևաչափերը հայտնի են որպես «աշխատանքային խմբեր»։ Սակայն դրանք մտահոգություններ են առաջացրել ԱՄՆ հակահետախուզական համայնքում։ Մասնագետները զգուշացնում են, որ նման համագործակցությունը կարող է մեծացնել ազգային անվտանգությանն առնչվող գաղտնի տեղեկատվության արտահոսքի վտանգը դեպի ավտորիտար պետություններ, որոնք, ըստ ամերիկյան գնահատականների, ձգտում են թուլացնել Միացյալ Նահանգների տնտեսական և ռազմական դիրքերը։
Մայիսին ՀՖԲ-ն, Չինաստանի Հասարակական անվտանգության նախարարությունը և Դուբայի ոստիկանությունը համատեղ իրականացրել են «Ավազե դոլար» (Sand Dollar) գործողությունը։ Դուբայում անցկացված լայնածավալ հատուկ գործողության ընթացքում վնասազերծվել է կիբեռխարդախության խոշոր կենտրոն, ձերբակալվել է շուրջ 300 կասկածյալ, առգրավվել է ավելի քան 300 միլիոն դոլարի գույք և ազատվել են մարդկանց թրաֆիքինգի հազարավոր զոհեր, հայտնել է ՀՖԲ-ն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ