Կապանի երկրագիտական թանգարանում բացվել է ուրարտական շրջանի բացառիկ գտածոների ցուցադրությունը
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աջակցությամբ Կապանի երկրագիտական թանգարանում բացվել է ուրարտական ժամանակաշրջանի եզակի հնագիտական իրերի մշտական ցուցադրությունը, հայտնում են Սյունիքի մարզպետարանից։ Բացման արարողությանը ողջույնի խոսքով դիմելով ներկաներին՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդգծել է իրադարձության կարևոր նշանակությունը մարզի համար։
«Սյունիքի բնակիչների համար սա հրաշալի նորություն է. այսօր կտեսնենք մի ցուցադրություն, որը փաստում է՝ ուրարտական շրջանում Կապանի տարածաշրջանը եղել է խոշոր, խիտ բնակեցված բնակավայր։ Այստեղ քաղաքակրթությունը եղել է շատ բարձր մակարդակում, և ներկայացված մետաղների քանակն ու մասշտաբը պարզապես բացառիկ են»։
Ցուցադրության նմուշների հավաքումը սկսվել էր դեռևս 10 տարի առաջ և ընդգրկում էր 200 առարկա։ 2023-ին ձիու բրոնզե ճակատակալի վրա «Արգիշտիի զինանոց» սեպագիր արձանագրություն բացահայտվեց։ 2026-ին արդեն հաջողվեց Եղվարդի պեղումների արդյունքում հայտնաբերված մոտ 3000 գտածո տարբեր անձանցից հավաքել ու վերադարձնել թանգարան։ 2026-ին նաև Սզնակ-Դիցմայրի տարածքի պեղումների արդյունքում մոտ 1000 միավոր ուրարտական ժամանակաշրջանի գտածո է ի պահ տրվել թանգարանին։
Ռոբերտ Ղուկասյանը շեշտել է այն փաստը, որ Ուրարտուի մասին բոլոր հիշատակումները նախկինում մայրաքաղաք Երևանին էին առնչվում, իսկ այսօր պետք է նաև գալ Կապան՝ տեղում ծանոթանալու նույն ժամանակաշրջանի նոր գտածոներին։
Մարզպետը շնորհակալություն է հայտնել Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենությանը, հնագետներին, թանգարանի անձնակազմին և բոլոր այն գործընկերներին, որոնց հետևողական աշխատանքի, գիտական ուսումնասիրությունների և ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ապահովել այս հավաքածուի հանգրվանելը հենց Կապանում։
Նա շնորհակալություն է հայտնել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային և Կապանի լեռնահարստացման կոմբինատներին՝ աջակցության համար։
Ցուցադրության ուշագրավ նմուշներից են՝ ոսկյա հնագիտական առարկաներ, որոնք երբևէ չեն եղել Կապանի թանգարանում, մետաղագործության բազմարվեստ նմուշներ՝ ձիասարքի դետալներ, ճարմանդներ, գուրզեր, սակրեր, ապարանջաններ, նետասլաքներ, կնիք-մատանիներ։ Բացառիկներից են ձիու բրոնզե ճակատակալն ու զրահաբաճկոնի կոճակը, որոնց վրա պահպանվել են սեպագիր արձանագրություններ, եզակի գավաթ, որի նմանը չկա ողջ Հայաստանում։ Դրանք ապացուցում են, որ Սյունիքը եղել է Ուրարտուի կարևոր ռազմավարական և մշակութային կենտրոններից մեկը։
Միջոցառման ընթացքում Սյունիքի մարզպետից շնորհակալագրեր են ստացել թանգարանի տնօրենն ու աշխատակիցները՝ հավաքածուի պահպանման, ուսումնասիրման և հանրայնացման գործում ունեցած ավանդի համար։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է