Այսօր նշանավոր գրող, Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան 99-ամյակն է
Այսօր կոլումբիացի նշանավոր գրող, Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան 99-ամյակն է։
Մարկեսը ծնվել է 1927 թվականի մարտի 6-ին՝ Կոլումբիայի Արակատակա քաղաքում։ Նա իրավամբ համարվում է 20-րդ դարի համաշխարհային գրականության ամենաազդեցիկ դեմքերից մեկը և լատինամերիկյան «գրական բումի» առանցքային ներկայացուցիչը։
Նա մեծացել է տատիկի և պապիկի ընտանիքում, որոնց պատմությունները, ժողովրդական հավատալիքներն ու հիշողությունները հետագայում մեծ ազդեցություն են ունեցել նրա գրականության ձևավորման վրա։
Մարկեսը կրթություն է ստացել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում՝ ուսումնասիրելով իրավագիտություն, սակայն շուտով թողել է համալսարանը և սկսել զբաղվել լրագրությամբ։ Նա աշխատել է տարբեր թերթերում որպես թղթակից և մեկնաբան, և լրագրողական գործունեությունը երկար ժամանակ մնացել է նրա մասնագիտական կյանքի կարևոր մասը։
1950-ական թվականներից սկսած Մարկեսը հրապարակում է իր առաջին գրական գործերը։ Սակայն համաշխարհային ճանաչում նրան բերում է 1967 թվականին լույս տեսած «Հարյուր տարվա մենություն» վեպը, որը համարվում է 20-րդ դարի գրականության ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը։ Վեպը մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային գրականության վրա և դարձել է լատինամերիկյան արձակի խորհրդանիշներից։
Մարկեսի գրչին են պատկանում նաև այնպիսի կոթողային ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ «Սերը խոլերայի ժամանակ», «Հայտարարված սպանության քրոնիկոն», «Պատրիարքի աշունը», «Գնդապետին ոչ ոք չի գրում»:
1982 թվականին Մարկեսն արժանացավ գրականության Նոբելյան մրցանակի։ Նոբելյան հանձնաժողովը բարձր էր գնահատել նրա ստեղծագործական ոճը, որտեղ երևակայությունն ու իրականությունը վերակերտում են մի ամբողջ մայրցամաքի կյանքը՝ իր բոլոր հակասություններով ու գույներով։
Մեծ գրողը կյանքից հեռացավ 2014 թվականի ապրիլի 17-ին Մեխիկոյում՝ 87 տարեկան հասակում։ Այսօր նրա գրեթե բոլոր նշանավոր գործերը հասանելի են հայ ընթերցողին՝ հայերեն բարձրարժեք թարգմանություններով։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը