Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները (լուսանկարներ)
Հայտնի երկրաբան, բարեգործ Գրիգոր Գաբրիելյանցը, «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը և ԱՀ մշակույթի նախարարությունն ակտիվ բանակցություններ են վարում ռուսական կողմի հետ թշնամուն հանձնված Շուշի քաղաքում դեռևս պահպանված թանգարանային ցուցանմուշները փրկելու և տարհանելու շուրջ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը։ Վերջինս հույս ունի, որ ռուսական կողմի միջնորդությամբ հնարավոր կլինի գոնե փրկել Շուշիի մշակութային հսկա ժառանգության պատառիկները։
Մինչև սեպտեմբերյան պատերազմը Արցախի մշակութային կենտրոն համարվող Շուշիում գործել է 4 պետական և 2 մասնավոր թանգարան։ Ցավոք, պատերազմի ժամանակ միայն գորգերի մասնավոր թանգարանի ցուցանմուշներն են տարհանվել քաղաքից, իսկ ՊՈԱԿ-ի կազմում գտնվող 4 թանգարաններից 3-ի ցուցանմուշները տեղափոխել են ռմբապաստարան։
«Ես նոյեմբերի սկզբին Շուշիում եմ եղել, իսկ Երևան տեղափոխվել եմ միայն նոյեմբերի 5–ին։ Այդ ընթացքում որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ հնարավոր է քաղաքը հանձնվի և ռմբապաստարանում գտնվող հավաքածուները տարհանելու կարիք լինի։ Մենք ամբողջ նմուշները ռմբակոծության տակ ենք տեղափոխել ռմբապաստարան և եթե շշուկներ հասած լինեին, որ հնարավոր է քաղաքը հանձնվեր, մենք այդ հավաքածուները կտեղափոխեինք Ստեփանակերտ, ինչպես դա արվեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մյուս տարածքների դեպքում»,–ասաց Գասպարյանը՝ շեշտելով, որ Արցախի և Հայաստանի իշխանություններն իրենց չեն տեղեկացրել քաղաքը հանձնելու մտադրության մասին, մինչդեռ պաշտպանական գերատեսչությունը մինչև նոյեմբերի 9–ը պնդում էր, որ Շուշին մեր վերահսկողության տակ է։
Փաստացի ներկայումս թշնամու վերահսկողության տակ են անցել Շուշի քաղաքի պատմության և մշակույթի 197 հուշարձան (158 միավոր), Կերպարվեստի թանգարանի մոտ 800 գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, Շուշիի երկրաբանության թանգարանի 700–ից ավելի նմուշներ։ Նշենք, որ Երկրաբանության թանգարանում ներկայացված էին ինչպես Արցախի տարածքում հայտնաբերված օգտակար հանածոներն, այնպես էլ` երկրաբանական առումով հետաքրքրություն ներկայացնող համաշխարհային նմուշներ, որոնց մեծ մասը թանգարանին էր նվիրաբերել ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցը։
«Այսօր ադրբեջանական կողմը չի էլ ցանկանում անգամ լսել Շուշիում մնացած հավաքածուները վերադարձնելու մասին, մինչդեռ այդ ամենը մեր մշակութային ժառանգությունն է և պետք է վերադարձվի մեզ։ Իմանալով թշնամու ձեռագիրը, դրական ակնկալիքներ չունենք բանակցություններից, սակայն պետք է ամեն ինչ անել եղածը փրկելու համար»,–ասաց նա։ Լուսինե Գասպարյանը նշեց, որ պարբերաբար հետևում է ադրբեջանական աղբյուրներում հրապարակված կադրերին, որոնցում երևում է, որ հրետակոծության արդյունքում թանգարանը չի ավերվել։ Ըստ նրա՝ դա վկայում է, որ ռմբապաստարան տեղափոխված նմուշները մինչև նոյեմբերի 9–ը չէին կարող վնասված լինել, և եթե ադրբեջանական կողմը հրաժարվի նմուշները վերադարձնել կամ հայտարարի, որ դրանք չեն պահպանվել, մնում է եզրակացնել, որ գործ ունենք հերթական պատերազմական հանցագործության հետ։
Նշենք, որ ժողովուրդների մշակութային ու հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված հարձակումը միջազգային պայմանագրային և սովորութային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, իսկ ռազմական գործողությունների ժամանակ մշակութային հուշարձանների ավերումը՝ ռազմական հանցագործություն:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի