ՌԴ խաղաղապահները ժամանել են ադրբեջանական հարձակման ենթարկված արցախյան գյուղեր
Ռուս խաղաղապահներն արդեն ժամանել են Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղեր, որոնց ուղղությամբ հարձակում են գործել ադրբեջանական զինված ուժերը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հադրութի նախկին քաղաքապետ Վահան Սավադյանը։
«Այժմ պարզում են, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը»,– ասաց նա։
Առայժմ տեղեկություններ չկան, թե այս պահին ում վերահսկողության տակ են գտնվում գյուղերը։ Սավադյանը հավելեց՝ պատճառն այն է, որ այդ գյուղերում գտնվող հայ զինվորականների հետ կապ չկա։
Նշենք, որ Հադրութի շրջանի երկու գյուղերը՝ Հին թաղերն ու Խծաբերդը, մնացել են հայկական կողմի վերահսկողության տակ։ Հին Թաղեր գյուղը «չեզոք գոտի» էր։ Այնտեղ վերջին մի քանի օրերին առանց կրակոցներ արձակելու մտել էին հայ զինվորականները։
Արցախի պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: