Նիկոլի հրաժարականն այլընտրանք չունի
Նիկոլը հրաժարական պետք է տար շատ վաղուց, դեռ մինչեւ պատերազմը: Նիկոլը հրաժարական պետք է տար պատերազմի առաջին օրը, եւ վերջապես Նիկոլը ներողություն պետք է խնդրեր եւ հրաժարական տար հրադադարից մեկ ժամ հետո:
Չի կարող երկիրը ղեկավարել մի մարդ, ով ոչ միայն չի հասկանում, թե ինչ աղետ է բերել հայրենիքի գլխին, այլ դեռ մի բան էլ մեղադրում է բոլորին, բացի իրենից:
Նա այնքան ստոր է, նա այնքան ցածր է, որ պարտության պատասխանատվությունը գցում է վաշտի, գումարտակի հրամանատարի վրա: Հատակում գտնվող մարդը, այն էլ այս խայտառակությունից հետո չի կարող երկիր ղեկավարել:
Եթե նա կառչել է աթոռից, եթե նա չի պատրաստվում հրաժարական տալ, ուրեմն չի կարելի բացառել այն վարկածը, որ նա պարզապես ցանկանում է մինչեւ վերջ վնաս հասցնել երկրին եւ ժողովրդին, վնասել` որքան կարող է, վնասել` որքան հնարավոր է շատ:
Նիկոլի հետ միասին պատասխան պետք է տան նաեւ նրանք, ովքեր այս օրերին այս կամ այն կերպ աջակցում են իրեն, փորձում արդարացնել նրա քայլերը կամ պաշտոնից կառչած մնալը:
Դուք պատասխան եք տալու, քանի որ Նիկոլի հանցավոր գործողությունների հետեւանքով հինգ հազար տղա ենք կորցրել, տասը հազարը ծանր վնասվածքներ են ստացել, նրանցից շատերը դարձել են հաշմանդամ, տասնյակ հազարավոր մարդիկ տուն ու տեղ են կորցրել, իսկ մենք բոլորս՝ հայրենիքի մեկ երրորդը:
Այսքանից հետո Նիկոլին պաշտպանողները նույնն են, ինչ ցեղասպանությունն արդարացնողները կամ հերքողները:
Եթե որեւէ մեկի մոտ դեռ հարցեր կան, եթե տատանվում եք, ապա ձեզ նեղություն տվեք եւ մեկ անգամ եւս հանգիստ, շատ հանգիստ դիտեք «Հինգերորդ ալիքին» ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցը: Դիտեք, լսեք եւ մտորեք նրա արած հարցադրումների շուրջ:
Նիկոլը պետք է հեռանա. զարգացման այլ ճանապարհ գոյություն չունի:
Գեղամ Նազարյան
Top-News.am