Հարցազրույց, որ իրավիճակ փոխեց
ՀՀ երկրորդ նախագահ եւ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հինգերորդ» ալիքին օրեր առաջ տված հարցազրույցը նաեւ իրավիճակ փոխեց: ՀՀ քաղաքացին, որը պատերազմական 44 օրերի ընթացքում կերակրվեց ստերով, վտանգավոր, կործանարար ստերով, լսեց եւ հասկացավ, թե իրականում ինչ է եղել: ՀՀ քաղաքացին լսեց, հասկացավ իրականությունը, սկսեց մտածել Ռոբերտ Քոչարյանի արած հարցադրումների մասին:
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը լսելուց հետո նրանք, ովքեր դեռ տատանվում էին մասնակցել դեկտեմբերի 5-ի հանրահավաքին, այլեւս չտատանվեցին, հասկացան, որ յուրաքանչյուր քաղաքացի, որի համար թանկ է այս երկիրը, այս պետության ներկան եւ ապագան չպետք է անտարբեր լինի, չպետք է մնա տանը:
Դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում հավաքվել էին այս երկրի համար մտահոգ մարդիկ, որոնք բոլորը միասին մի ընդհանուր գործ էին անում: Նրանք չէին եկել Վազգեն վարչապետ գոռալու, նրանք չէին եկել ինչ-որ մեկի փոխարեն ինչ-որ մեկին վարչապետ դարձնելու համար: Նրանք եկել էին հանուն երկրի փրկության:
Լսել Ռոբերտ Քոչարյանին, լսել նրա գնահատականները, նրա հարցադրումները եւ մնալ անտարբեր՝ հնարավոր չէ: «Եթե ես լինեի երկրի ղեկավար պատերազմ չէր լինի»,- Ռոբերտ Քոչարյանի այս պնդումը սթափեցրեց շատերին, վերադարձրեց իրականություն: Որդի, ամուսին, եղբայր կորցրած ՀՀ քաղաքացիները հասկացան, որ այս պատերազմից հնարավոր էր խուսափել, հնարավոր էր խուսափել զոհերից:
Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները Նիկոլ Փաշինյանի կողմից անիմաստ զինատեսակներ գնելու եւ կարեւոր զինատեսակներից հրաժարվելու մասին մարդկանց ստիպեցվին վերադառնալ իրականություն: Եւ վերադառնալու առաջին քայլը եղավ դեկտեմբերի 5-ի հանրահավաքին մասնակցելը:
ՀՀ երկրորդ նախագահը ամենաբարձր մակարդակով, պետական գործչին վայել մակարդակով վերլուծեց պատերազմական իրադարձությունները, Շուշիի կորուստի պատճառները, որ ՀՀ քաղաքացու մոտ այլեւս գրեթե հարցեր չմնացին. գրեթե բոլորն այսօր հասկացան, թե ում մեղքով մենք կորցրինգ հինգ հազար զինվորներ եւ տարածքներ:
ՀՀ քաղաքացին, վիրավորված, նեղված, վշտի մեջ թաթախված քաղաքացին կարողացավ ժպտալ, երբ վերջապես Հայաստանում գտնվեց մի մարդ, որը պատասխան հասցրեց մի քանի շաբաթ շարունակ հայերին եւ նրա ղեկավարությանը վիրավորող Իլհամ Ալիեւին: Ժպտաց, ոգեւորվեց եւ որոշեց մասնակցել հանրահավաքին:
Սյունիքի, Արարատի, Կոտայքի մարզի բնակավայրերի ղեկավարների եւ ավագանիների Նիկոլի հրաժարականը պահանջող հայտարարություններն իրար հաջորդեցին նաեւ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ազդեցության տակ: Մարդիկ, այդ թվում նաեւ քաղաքների եւ համայնքների ղեկավարները հասկացան, թե ինչ է տեղի ունեցել: Հասկացան եւ չեն կարող անտարբեր լինել կամ հարմարվել այս իրավիճակին:
Հիմա հերթը իմքայլականներին է: Տեսնենք քանի արժանապատիվ մարդ կգտնվի, քանի մարդ հայրենիքը վեր կդասի Նիկոլից կամ նեղ անձնական շահերից: Հասկացեք, Նիկոլը ոչ միայն չի կարող, այլ իրավունք չունի երկիր ղեկավարել: Մի՞թե դուք դեկտեմբերի 5-ին չտեսաք, թե ՀՀ քաղաքացին ինչ է ուզում եւ ինչ է պահանջում:
Հադրութն ու Շուշին, Ավետարանոցն ու Բերձորը հանձնածը չի կարող երկիր ղեկավարել: Հինգ հազար մարդու սպանության թիվ մեկ մեղավորը չի կարող անգամ ամենաաննշան պաշտոնը զբաղեցնել, էլ ուր մնաց երկիր ղեկավարի:
Ռոբերտ Քոչարյանը դեռ կխոսի, գնահատականներ կտա, առաջարկներ կանի, բայց հիմա հերթը ՀՀ քաղաքացունն է: Մենք հիմա միմյանց օգնելով պետք է փորձենք մեր կորացած մեջքն ուղղել հանուն մեր զոհերի, հանուն մեր անցած ճանապարհի, հանուն վաղվա սերնդի:
Գեղամ Նազարյան
Top-News.am