Հայոց բանակը հիանալի է կռվել ու հանկարծ մեկը, որը թաքնվել էր մի թփի տակ կամ իր կնոջ փեշի տակ, սկսել է վայրահաչել հայ տղամարդու կամ մեր բանակի մասին
Նոյեմբերի 10-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց հայտնի եռակողմ համաձայնագիրը և Արցախի մեծ մասը հանձնեց թշնամուն, հայտարարեց, որ բանակը բարոյալքված է եղել և չի կարողացել կռվել, այլ խոսքով՝ դիվանագիտական ճակատում կրած պարտությունը դրեց բանակի ուսերին։ Մինչև օրս, իշխանության տարբեր ներկայացուցիչներ պնդում են, թե իբրև բանակն է պարտվել, մինչդեռ առաջնագծում կռված կամավորներն ու ժամկետային զոինծառայողները, սպայական կազմը բազմիցս հայտարարել է, որ բանակն իր առջև դրված խնդիրը կատարել է։
ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանը նույնպես առաջ է տանում այս թեզը։ Նոյեմբերի 26-ին Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, նա ասել էր, որ դիվանագիտական ճակատում հայկական կողմը պարտություն չի կրել, հայկական կողմի համար ձախողումը գրանցվել է ռազմական դաշտում։
168.am-ը «Արաբո» կամավորական ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ Մանվել Եղիազարյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում այս հայտարարություններին, բանակն այս պատերազմում պարտություն կրե՞լ է։
«Արտգործնախարար կլինի թե ազատամարտիկ, ես նրան կասեմ՝ մեր բանակը չի պարտվել։ 30 տարի մարդուն փայտով ծեծել են, հետո ուղարկել են մենամարտելու առանց զենքի, ապա նման մարդը չէր կարող պարտվել, նրանք ամեն հնարավորն արել են, որպեսզի ոմանց սողալը, արտասահմանյան լրտես լինելը չլինի։ Նրանք, բացի հակառակորդի դեմ պայքարելուց, պայքարել են նաև այսպիսի բաների դեմ՝ ներսի հակառակորդների դեմ։ Բանակն իրեն հիանալի է պահել, անկախ ամեն ինչից՝ հայ տղամարդն իրեն հավասարն այս կռվում չի ունեցել։ Բա ինչպե՞ս հասկանանք, որ ամբողջ աշխարհն ասում է՝ հայոց բանակը հիանալի է կռվել, չնայած թշնամու անհամեմատ մեծ քանակին, ու հանկարծ մեկը, որը թաքնվել էր մի թփի տակ կամ իր կնոջ փեշի տակ, սկսել է վայրահաչել հայ տղամարդու կամ մեր բանակի մասին։ Պետք չէ իրենց վախը, սարսափը, հարմարվողական կեցվածքը բերեն ու շուռ տան բանակի վրա։ Առհասարակ այդ մարդիկ գիտե՞ն, թե բանակն ինչ կռիվ է տվել, 43 օր կռվի դաշտում ո՞վ էր կռվում։ Պարտվել է ոչ թե բանակը, այլ մեր արտաքին քաղաքականությունը, հայ թալանչիների ստամոքսն է պարտվել, հայկական բանակը չի պարտվել։ Ես այս մասին դեռ կխոսեմ, բայց այս պահին՝ այսքանը»,- եզրափակեց նա։